«Հունիսի 26-ի դրությամբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել», - հաղորդում է Ռուսաստանի պաշտոնական ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության իր աղբյուրները։
Այս տեղեկությունը հաստատում են նաև РИА "Новости" գործակալությունը և "Коммерсантъ" օրաթերթը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) քննչական վարչությունում շարունակվում է հունիսի 24-ին «Վագներ»-ի կողմից ձեռնարկված խռովության հանգամանքների նախաքննությունը։
Այն մասին, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործի քննությունը դադարեցվելու է, հունիսի 24-ի երեկոյան հայտարարել էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։