Մինչ ռազմական փորձագետները, այդ թվում արևմտյան, պնդում են, թե ուկրաինական հակահարձակումը դանդաղ է ընթանում, երեկ ուկրաինական ստորաբաժանումները ազատագրել են առաջին բնակավայրը Զապորոժիեի մարզում. - «Այսօր, հունիսի 18-ին մեր գրոհային բրիգադը ազատագրել է Պայտիխատկա գյուղը։ Ռաշիստները փախչում էին, և այդպես է լինելու բոլոր բնակավայրերում»։
Առաջխաղացումն իրականացվել է Ղրիմի ուղղությամբ, որը համարվում է ռուսների ամենապաշտպանված հատվածներից մեկը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը 8 բնակավայր են ազատագրել Բերդյանսկի և Մելիտոպոլի ուղղություններով։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով, ազատագրվել է ընդհանուր առմամբ 113 քառակուսի կիլոմետր տարածք։
Մալյարի ներկայացրած փաստերը համապատասխանում են բրիտանական հետախուզության տվյալներին, որոնց համաձայն ռուսական հրամանատարությունը վերջին 10 օրվա ընթացքում սկսել է զորքերի մի մասը Դնեպրի արևելյան ափից տեղափոխել այլ ուղղություններ, այդ թվում՝ Բախմուտի շրջան։
Մինչեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերին հաջողվել է հետ մղել Ուկրաինայի զինված ուժերի գրոհը Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Նովոդոնեցկոյե գյուղի տարածքում։
Շաբաթավերջին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Կիևը այս հակահարձակման ընթացքում հաղթելու հնարավորություն չունի՝ հավելելով, թե ուկրաինական բանակը մեծ կորուստներ է ունեցել, այդ թվում՝ հինգ ամերիկյան Patriot։
Ուկրաինայի նախագահը Պուտինի այս պնդումը հերքել է. - «Անկախ նրանից, թե ով է Ռուսաստանում ասում, որ մեր Patriot-ները ոչնչացվել են, բոլոր Patriot-ներն իրենց տեղում են և խոցում են ռուսական հրթիռները: Եվ անում են դա հնարավորինս արդյունավետ: Ոչ մի Patriot չի ոչնչացվել»:
Ուկրաինային սահմանակից ռուսական Վալույկի քաղաքի հրետակոծության հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով, վնասվել է հինգ բազմաբնակարան շենք և չորս սեփական տնային տնտեսություն։
Baza Telegram ալիքը հայտնում է, թե առավոտյան Բելգորոդի մարզի միանգամից մի քանի բնակավայր էր կրակի տակ հայտնվել։
ՆԱՏՕ-ն Ուկրաինային կառաջարկի «հետագա մերձեցման միջոցներ»
Ռազմական թեժ գործողություններին զուգահեռ ՆԱՏՕ-ն այսօր հայտարարել է, որ հուլիսին Վիլնուսում կայանալիք գագաթնաժողովին Կիևը չի ստացա դաշինքին միանալու հրավեր։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, փոխարենը պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային կառաջարկվեն ՆԱՏՕ-ի հետ հետագա մերձեցման միջոցներ։ Դրանց թվում է «Ուկրաինա-ՆԱՏՕ» խորհրդի ստեղծումը և Կիևին ռազմական օգնության երկարաժամկետ ծրագրի հաստատումը։
«Նախ բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Բայց մենք չենք պատրաստվում քննարկել հրավերը Վիլնյուսի գագաթնաժողովում, այլ կքննարկենք, թե ինչպես կարող ենք Ուկրաինան մոտեցնել ՆԱՏՕ-ին։ Եվ ես վստահ եմ, որ մենք կգտնենք լավ լուծում», - ասել է Ստոլտենբերգը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո Ստոլտենբերգը նաև ողջունել է ուկրաինական զորքերի վերջին հաջողությունները ռազմաճակատում և անընդունելի անվանել Ուկրաինայում հակամարտության «սառեցումը»։