Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը գյուղեր են գրավում Դոնեցկի մարզում


Ուկրաինացի զինվորականները երկրի դրոշն են ամրացրել Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե բնակավայրի կիսաքանդ շենքի պատուհանին, 11-ը հունիսի, 2023թ.
Ուկրաինացի զինվորականները երկրի դրոշն են ամրացրել Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե բնակավայրի կիսաքանդ շենքի պատուհանին, 11-ը հունիսի, 2023թ.

Ուկրաինական 68-րդ առանձին բրիգադը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է ուկրաինացի զինվորականների կողմից Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե բնակավայրի գրավումը:

Տեսանյութում ուկրաինացի զինվորականները դրոշ են ամրացնում մի շենքի վրա, որը զգալիորեն վնասվել է գնդակոծությունից: Հաղորդվում է, որ ռուս զինվորականները գերի են ընկել: Այլ մանրամասներ ուկրաինական կողմը չի հրապարակում:

Տեղեկություններ կան նաև նույն ուղղությամբ մեկ այլ՝ Նեսկուչնոյե գյուղի գրավման մասին:

Կիրակի երեկոյան Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հաստատել է տվյալ ուղղությամբ ևս մեկ գյուղի՝ Մակարովկայի գրավման մասին: Սա նշանակում է, որ ըստ ամենայնի՝ ուկրաինական ուժերը գրավել են նաև Ստորոժևոյե գյուղը, որը գտնվում է Մակարովկա և Բլագոդատնոյե գյուղերի միջև:

Ռուսական կողմը դեռևս անցած շաբաթ հայտարարեց, որ ուկրաինացիներն անցել են հակահարձակման, բայց լուրջ հաջողություններ չունեն: Սակայն նույնիսկ ռուսական աղբյուրները հաստատեցին Նեսկուչնոյե և Բլագոդատնոյե գյուղերի գրավման մասին՝ միաժամանակ պնդելով, թե ռուսների պաշտպանությունը ճեղքելու մասին խոսք չկա:

Պաշտոնապես Ուկրաինայի գլխավոր շտաբը հակահարձակման մասին չի հայտարարում, նույնիսկ չի հաստատում, որ այն արդեն սկսվել է:

Նախագահ Զելենսկին շաբաթ օրը Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ բանակցություններից հետո հրաժարվել էր լրագրողներին ներկայացնել ուկրաինական հակահարձակման դետալները, միայն ասել էր, թե որոշակի պաշտպանական և հակահարձակողական գործողություններ են իրականացվում:

XS
SM
MD
LG