Մատչելիության հղումներ

Երևանը հաստատում է՝ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է


Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաստատեց՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Ինչքան ժամանակով՝ անհայտ է, պատճառն էլ չեն բացահայտում։ Խոսնակի փոխանցմամբ՝ հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ Խաղաղության պայմանագրի շուրջ Միրզոյան-Բայրամով հանդիպումը, պաշտոնական Երևանի փոխանցմամբ, հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 12-ին պետք է մեկնարկեր, նոր ժամկետներ, սակայն, Արտգործնախարարությունը չի նշել՝ խոստանալով ավելի ուշ անել դա։

Պաշտոնական Բաքուն չի հերքել, որ իրենք են հետաձգման նախաձեռնողը, բայց էլի պատճառների ու նոր ժամկետների մասին արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն չի խոսել

«Աշխատում ենք արտգործնախարարների հաջորդ հանդիպման հստակ ժամկետները որոշելու համար, և մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս», - նշել է նա։

Հաջիզադեն, այնուհանդերձ, ընդգծել է, որ որպես կանոն հանդիպման կոնկրետ ժամկետը կազմակերպիչ երկիրն է հայտնում։ Ամերիկյան կողմը, սակայն, ոչ հանդիպման նոր ժամկետ է նշում, ոչ էլ հետաձգման պատճառների փակագծերը բացում։

«Ազատությունը» դիմել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին՝ պատճառների մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար։ Խոսնակը միայն պատասխանել է՝ այս պահին հստակ ժամկետների մասին չեն կարող հայտարարել։

Հանդիպման մասին այս շաբաթ երկու անգամ խոսել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, նա էլ է խուսափել ժամկետներ նշելուց։

«Ես չեմ պատրաստվում հաստատել կամ որևէ ներքին տեղեկություն տրամադրել ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի մասին։ Միայն կասեմ՝ անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելուն», - նշել է Պատելը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգման հավանականության մասին առավոտյան ադրբեջանական «Թուրան» գործակալությունն էր հաղորդել՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Հանդիպումը կարող է ոչ 12-ին, ոչ էլ անգամ հաջորդ շաբաթ կայանալ, գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։ Բայց այն, «Թուրան»-ի փոխանցմամբ էլ, ուղղակի հետաձգվում է, չի չեղարկվում։ Պատճառն էլ բացառապես գրաֆիկն ու լոգիստիկան է, թե հատկապես ինչ նկատի ունեն, չէին մանրամասնել։

Առաջինը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումը հունիսի 12-ից կմեկնարկի, Հայաստանի արտաքին գերատեսչությունն էլ հաստատել էր։

«Հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում. Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մինչ այդ՝ հունիսի 12-ից տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպումը Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում», - Քիշնևում հայտարարել է վարչապետը։

Միրզոյան - Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցություններից ընդամենը մեկ ամիս է անցել։ Մայիսի 1-4-ը անցկացված այդ բանակցություններից հետո ակտիվացան հայ-ադրբեջանական հանդիպումները, ամիսների դադարից հետո լիդերները 3 անգամ հանդիպեցին, նաև ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի բանակցություններ անցկացվեցին։

Միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը մերժող Ադրբեջանը այս ընթացքում նախ արցախցի պաշտոնյաների նկատմամբ համաներման պատրաստակամությունից խոսեց, բանակցությունների հերթական փուլից առաջ էլ երեք նոր պահանջ դրեց՝ հարաբերությունների կարգավորման համար հիմնական խոչընդոտ համարելով «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայությունը, Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումն ու Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը»։ Բացի այդ՝ հայկական ու ադրբեջանական կողմերը գրեթե ամեն օր հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG