Մատչելիության հղումներ

Ջրհեղեղից հետո. Ինչ գիտենք ուկրաինական ոչնչացված ամբարտակի և դրա հետևանքների մասին 


Ուկրաինայի հարավում՝ Դնեպր գետի վրա գտնվող «Նովա Կախովկա» հիդրոէլեկտրակայանը, որ կառուցվել է խորհրդային տարիներին, փլուզվեց հունիսի 6-ի գիշերը: Արդյունքում ջուրը հեղեղել է գյուղեր ու քաղաքներ՝ ստիպելով հազարավոր մարդկանց տարհանել. ջրի տակ են մնացել դաշտեր, ճահճացել են գյուղատնտեսական հողեր ու տարածքներ: Ուկրաինան կատարվածի համար անմիջապես մեղադրեց Ռուսաստանին, որը վերահսկում է այդ օբյեկտը 2022 թվականի փետրվարի ներխուժումից հետո:

Դնեպրի արևելյան ափի օկուպացված տարածքները վերահսկող ռուս պաշտոնյաներն էլ, իրենց հերթին, Կիևին են մեղադրում ամբարտակը ոչնչացնելու համար։ Ըստ Մոսկվայի՝ ուկրաինական զինուժը դրանով փորձում է քողարկել հաջողությունների բացակայությունը մարտադաշտում: Կողմերից որևէ մեկը որևէ ապացույց չի ներկայացրել: Մեկ բան հստակ է՝ ջրհեղեղը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենալուրջ բնապահպանական աղետը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի՝ մոտ 16 ամիս շարունակվող պատերազմում։

Ի՞նչ է պատահել ամբարտակին, հստակ պարզ չէ։ 3 կիլոմետր երկարություն ունեցող Կախովկան Դնեպրի գետի վրա գործող 6 հիդրոկայաններից մեկն է, որը անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ 2022 թվականի փետրվարի 24-ի ներխուժումից մի քանի շաբաթ անց։ Մինչև վերջին միջադեպը այն անցած տարեվերջին արդեն իսկ վնասվել էր։ Փորձագետները դեռ այն ժամանակ էին զգուշացրել, որ բնական աղետի վտանգ կա։ Ամիսներ առաջ, երբ ուկրաինական բանակը ազատագրեց որոշ տարածքներ Դնեպրի արևմտյան ափին, ռուսական ուժերը հակառակ ափ նահանջելուց հետո սկսեցին ամրություններ, խրամատներ կառուցել և ականներ տեղադրել, որպեսզի թույլ չտան ուկրաինական զինված ուժերին անցնել գետը: Ամիսներ շարունակ նրանք նաև արևելյան ափից թիրախավորում էին Խերսոն քաղաքը և հարակից թաղամասերը՝ փորձելով ճնշել տարածքն ազատագրած ուկրաինացիների ոգևորությունը: Շարունակական այդ հարվածներից հետո՝ հունիսի 6-ի առավոտյան, ուկրաինացի պաշտոնյաները հայտարարեցին, թե Կախովկայի ամբարտակի մի մասը փլուզվել է՝ շարժիչային սենյակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

«Կայանը վերականգնման ենթակա չէ», - պնդում են Ազգային հիդրոէլեկտրակայանի պաշտոնյաները՝ կատարվածի համար մեղադրելով Ռուսաստանին։

«Սա ռուս ահաբեկիչների ձեռքի գործն է», - սոցցանցերում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, ընդգծելով՝ «Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացումը ևս մեկ անգամ հաստատում է, որ ռուսներին պետք է վտարել ուկրաինական հողի յուրաքանչյուր անկյունից»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ Ուկրաինային է մեղադրել «դիվերսիայի» համար և նախազգուշացրել՝ դա «շատ ծանր հետևանքներ» կունենա բնակիչների համար:

Որքա՞ն լուրջ է ջրհեղեղը

Այն լուրջ է։ Շատ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների աշխատակիցները անցած ժամերին հազարավոր մարդկանց տարհանում էին գետի արևմտյան ափին գտնվող բնակավայրերից: «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության նկարահանած տեսանյութը , Telegram-ում և սոցիալական ցանցերում շրջանառվող այլ կադրերը ցույց են տալիս, որ գյուղեր գրեթե ամբողջությամբ անցել են ջրի տակ:

«Տարհանումը սկսվել է: Ես ձեզ խնդրում եմ՝ ամեն ինչ անել ձեր կյանքը փրկելու համար: Անհապաղ լքեք վտանգավոր տարածքները», - հայտարարել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:

Անցյալ հոկտեմբերին դեռ Կիևի հանձնարարությամբ շվեդական Դամինգսվերկետ (Damningsverket) հիդրոլոգիական ինժեներական ընկերությունը հաշվարկել էր՝ տեսականում ինչ կլինի, եթե Կախովկայի ամբարտակը փլուզվի: Մասնագետները դեռ այն ժամանակ էին կանխատեսել, որ այդ դեպքում վտանգի տակ կհայտնվեն տասնյակ բնակավայրեր, ջուրն էլ կհասնի ռազմավարական նշանակություն ունեցող և ենթակառուցվածքների կենտրոն համարվող Միկոլայև քաղաք։ Մասնագետների կանխատեսած վատագույն այս սցենարը, փաստացի, իրականություն է դառնում։ Ընկերության ներկայացուցիչ Հենրիկ Օելանդեր-Հյալմարսոնն ասել է, որ ամբարտակի վերևում գտնվող ջրամբարում ջրի մակարդակը եղել է 30 տարվա բարձր մակարդակի վրա, ամենայն հավանականությամբ, քանի որ ջրհեղեղի դարպասները բաց չեն մնացել հակամարտության ժամանակ, այդ թվում՝ այս գարնանը տեղի ունեցած ձնհալի ընթացքում:

«Տեղի ունեցածը մեծ աղետ է, ինձ խորապես տխրեցնում է, որ ռուսները արեցին դա», - NBC News-ին ասել է Damningsverket-ի գործադիր տնօրենը: Իրավիճակը գնալով վատանում է. Կախովկայի ջրամբարը վեց ռեակտոր ունեցող Զապորոժիեի ատոմակայանի հովացուցիչ նյութի հիմնական աղբյուրն է։ Եվրոպայի խոշորագույն այդ ատոմակայանը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ 2022 թվականի մարտից։ Հիմա, երբ ջրամբարը փլուզվել է, վտանգի տակ կարող են հայտնվել նաև ռադիոակտիվ վառելիքի միջուկները սառեցնող ջրավազանները:

Հունիսի 6-ի վաղ կեսօրին էլեկտրակայանից դեպի հյուսիս՝ ջրամբարի մյուս կողմում գտնվող Նիկոպոլ քաղաքի պաշտոնյաները ասացին, որ ջրի մակարդակն արդեն իջել է 1,5 մետրով:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է ատոմակայանում տիրող իրավիճակին։ Այս պահին «ատոմակայանում միջուկային անվտանգության անմիջական վտանգ չկա», ասված է գործակալության Twitter-յան գրառման մեջ։ Մասնագետները, սակայն, մտավախություն ունեն, որ իրավիճակը կվատթարանա ավելի ուշ՝ ամռանը և աշնանը, երբ գետի ընդհանուր մակարդակը կնվազի, ինչպես ամեն տարի։

Ո՞ւմ է ձեռնտու տեղի ունեցածը

Ավերածությունները հիմնականում վնասում են ուկրաինական վերահսկողության տակ գտնվող թաղամասերին՝ Դնեպրի արևմտյան ափին, թեև արևելյան ափի որոշ բնակավայրեր, ներառյալ Նովա Կախովկա քաղաքը, նույնպես տուժել են: Բացի այդ, փաստը, որ կառույցը ավելի քան մեկ տարի եղել է Ռուսաստանի վերահսկողության տակ, շատերին է ստիպում կատարվածի պատասխանատվությունը միանշանակ դնել Ռուսաստանի իշխանությունների վրա: Մյուս կողմից, ջրի վարարումը մեծ դժվարություններ կարող է ստեղծել ուկրաինական մոտալուտ հակահարձակման համար, որը ակնկալվում է, որ տեղի կունենա մոտավորապես Դնեպրի բերանից մինչև Ռուսաստանի սահման՝ Խարկով քաղաքից հյուսիս-արևելք ձգվող մոտ հազար կիլոմետրանոց ճակատային գծի մի քանի հատվածներում։

Ըստ հաղորդումների՝ վերջին ամիսներին ուկրաինական հատուկ նշանակության ջոկատներ և դիվերսիոն ստորաբաժանումներ են ներթափանցել Դնեպրի արևելյան ափ: Այժմ հեղեղված առափնյա գիծը նոր խոչընդոտ կդառնա նրանց համար և ռուսական ուժերին պաշտպանական ևս մեկ շերտ կապահովի։ Ջրհեղեղը և տարհանումները նաև Ուկրաինայի իշխանություններին կստիպեն ուշադրությունը կենտրոնացնել բնական աղետի վրա, կխլեն ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվել ռուսական բանակի դեմ հակահարձակմանը: «Նրանք այդ կերպ են փորձում կասեցնել ուկրաինական հակահարձակումը», - «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է Ուկրաինայի հարավային ռազմական հրամանատարության խոսնակ Նատալյա Հումենյուկը։

Բացի այդ, ամբարտակի ոչնչացումը երկարաժամկետ ազդեցություն կունենա Ուկրաինայի ջրային պաշարների վրա. - «Դա կստիպի Կիևին վերանայել ջրի կուտակումն ու բաշխումը ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության, այլև գյուղատնտեսության համար»,- ասել է Ազգային ագրարային գիտությունների ակադեմիայի ջրային հիմնախնդիրների և վերականգնման ինստիտուտի տնօրեն Միխայլո Յացյուկը. - «Անհրաժեշտ է հասկանալ, որ Ուկրաինայի տնտեսության երկու երրորդը կախված է Դնեպրի ջրամբարների կասկադների հետ»։

Մայք Էքել

XS
SM
MD
LG