«Ազատության» տեղեկություններով՝ բարձրացված աղմուկից ու քննադատությունից հետո վերադաս դատախազը վերացրել է 17-ամյա մատուցողին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետին մեղադրանք չառաջադրելու որոշումը։
Սա նշանակում է, որ քննիչը պետք է որոշում կայացնի քրեական հետապնդում նախաձեռնելու մասին։
Գլխավոր դատախազությունն այս տեղեկությունը դեռ չի հաստատում։
Միջադեպի մասին երեկ հաղորդվեց, միայն այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց ծեծի տեսանյութը։ Քրեական գործ էր հարուցվել՝ ֆիզիկական ներգործության հոդվածով, անչափահաս տղան ճանաչվել էր տուժող։ Բայց քանի որ բարձրաստիճան ոստիկանը զղջացել էր, իսկ տղան էլ մարմնական վնասվածքներ չէր ստացել, դատախազությունը որոշել էր մեղադրանք չառաջադրել Արսեն Ղայթմազյանին։
Դեպքի մասին տեղեկանալուց հետո իրավապաշտպանները պահանջեցին չեղարկել դատախազի որոշումը։
Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով ոստիկանության բարեփոխման հանձնաժողովի նախկին անդամ է, պնդում է՝ այս միջադեպը կրկին ցույց տվեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը չի ցանկանում բարեփոխել համակարգը։ Հենց այս պատճառաբանությամբ էլ քաղհասարակության ներկայացուցիչները հրաժարվել էին համագործակցել իրավապահների հետ։
«Վահե Ղազարյանն, ինձ թվում է, ուղղակի դեմ է իրական խորքային բարեփոխումներին, ինքն ուզում է, որ ոստիկանից մարդիկ վախենան, իր պատկերացրած լավ պետությունը դա է», - «Ազատությանն» ասաց Իոաննիսյանը։
Անչափահաս Արազ Ամիրյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը պատմել էր, որ հարբած ոստիկանը մեքենան կայանել է հյուրանոցի բակում, մոտեցել է տղային, հարցրել հյուրանոցի սենյակի մասին։ Եվ երբ լսել է, որ պետք է վճարի դրա համար, հարձակվել է տղայի վրա։
Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է այլ դեպքերի մասին՝ Էրեբունու դատարանում ոստիկանների հարձակումը փաստաբանների և նրանց պաշտպանյալների վրա, անցած սեպտեմբերին էլ «Եռաբլուրում» 44-օրյա պատերազմի զոհերի հարազատների նկատմամբ բռնության դեպքը։ Այս անպատժելիությունը չէր լինի, եթե այս դեպքերի մասնակիցները պատժված լինեին, համոզված է իրավապաշտպանը։
«Եվ մենք վստահություն չունենք, մեղմ ասած, որ նման կադրերը, որոնք որ մարդ են ծեծում, մատուցող են ծեծում, որոնք որ Էրեբունու բաժնում փաստաբան են ծեծում, որ նման կադրերը բարեփոխման արդյունքում դուրս կգան», - ասաց Իոաննիսյանը։
Իրավապաշտպանն ասում է՝ թեև ոստիկանության համակարգում կան բարեխիղճ ոստիկաններ, այդուհանդերձ՝ ոստիկանությունը կրիմինալ մի համակարգ է, որը հանցավորության դեմ պայքարի իմիտացի է ստեղծում՝ վառ օրինակը Դիլիջանի քրեականի պետն է, որն, իր դիրքն օգտագործելով, հյուրանոցի անվճար սենյակ է պահանջել։
Ոստիկանությունից հակադարձում են՝ եթե համակարգում խնդիրներ չնկատեին, չէին սկսի ոստիկանության բարեփոխումները։
«Ազատության» հետ զրույցում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծել էր՝ բարեփոխումներն լայնածավալ գործողություններ են ենթադրում, և ընթացքում տարբեր խախտումները բացառված չեն։