Մատչելիության հղումներ

Ընդդիմության ցույցերին տեղի ունեցած բռնություններից կես տարի անց դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, 3-ը հունիսի, 2022թ․
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, 3-ը հունիսի, 2022թ․

Գրեթե կես տարի է անցել ընդդիմության ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնություններից, բայց դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, հայտարարում են ընդդիմադիր գործիչները, որոնք անգամ քննիչներին են փոխանցել ձեռքի տակ եղած տեսանյութերը։

«Ինչի՞ համար առաջ չի գնում, հիմա որ հակառակ ձևը լիներ, օրինակ, ոստիկանի ոտքը, ձեռքը, ես վնասած լինեի, հաջորդ օրը, ես արդեն դատարանի առաջ կլինեի, բայց քանի որ հիմա հակառակ դեպքն է, անարդարություն կա», - ասաց Կարո Հայրապետյանը:

«Ազատությանը» ամռանը իր նկատմամբ բռնությունների մասին պատմած լիբանանահայ Կարո Հայրապետյանը սեպտեմբերին գնացել է քննչական ու բողոքը հետ վերցրել։ Տուժող էր ճանաչվել Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով։ Ասաց՝ նաև անարդյունավետ քննությունն էր իր որոշման պատճառը։

Ամիսներ առաջ, երբ խորհրդարանական ընդդիմությունը փողոցում վարչապետի հրաժարականն էր պահանջում ու տարբեր անհնազանդության ակցիաներ անում, ոստիկանությունը հաճախ ուժով բերման էր ենթարկում ցուցարարներին։ Այն ժամանակ մոտ վեց տասնյակ ցուցարարներ տուժող ճանաչվեցին։

«Հայաստանում, եթե կա ժողովրդավարություն, ուրեմն համարեք՝ ես տիեզերագնաց եմ: Իրավապահ համակարգի պատվիրատուն, հրահանգ տվողը ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է, Քրեական, Քրեադատավարական օրենսգիրքն, այլ Կառավարության շենքում նստած մեկ մարդ», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, սակայն, որպես վկա հարցաքննվելուց հետո անգամ տուժողի կարգավիճակ չունի, բայց քննիչներին է ներկայացրել իրեն քաշքշող և հարվածող ոստիկանների կադրերը։

«Դատաբժշկական փորձաքննություն չի եղել, բայց տեսանյութին որևէ ընթացք իրավապահները չտվեցին: Տարբեր հարվածներ էին, էդ պահին մենակ ես չէի, իմ շատ գործընկեր պատգամավորներ նույն վիճակի մեջ էին», - ասաց Մանուկյանը:

Հունիսի 3-ի բախումների ժամանակ տուժած քաղաքացին
Հունիսի 3-ի բախումների ժամանակ տուժած քաղաքացին

Չնայած տուժողների թվին և տասնյակ տեսանյութերին, այսօր էլ գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեռ մեղադրյալ ոստիկան չկա, թե ինչու՝ չպարզաբանեցին։

Իշխանության հրահանգները կատարող ոստիկաններին իրավապահները ձեռք չեն տալիս. Գեղամ Մանուկյան

Մինչ իշխանությունները իրավաչափ էին գնահատում փողոցներ փակող ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունները, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ անօրինականություններն այնքան ակնառու էին, որ արագ կարող էին ամբողջացնել քրեական գործը։

«Առնվազն ես մանրամասն դեմքերով գիտեմ, սպասում եմ առայժմ քննիչներն ինչ ընթացք կտան», - ասաց Մանուկյանը։

Պատգամավորը պատմում է՝ իշխանության հրահանգները կատարող ոստիկաններին իրավապահները ձեռք չեն տալիս։ Եվ քանի դեռ ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել, իրավապահները կշարունակեն կատարել իշխանության հրահանգները։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

«Իրականում սա առաջին դեպքը չի, տարբեր նման դեպքեր են եղել, երբ ոստիկանական անօրինականությունները շատ հստակ արձանագրված են եղել, և ուղղակի պետք էր շատ արագ քննություն անցկացնել, բայց իշխանությունը, որը հիմնված է միայն ներքին անվտանգության, իրավապահ համակարգի վրա, ունի ինքնապաշտպանական մի բնազդ։ Այդ շղթան, որով իշխանությունը պահում է իրեն, շղթայի մի հատիկը, երբ որ պոկվեց, այլևս շղթայական ռեակցիա է լինելու և հույսը իշխանության, որ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի․․․, հակառակ դեպքում մնացած բոլորը մտածելու են՝ դիմել Նիկոլի անօրինական հրահանգները կատարելու քայլին, հետո պատասխան տալ, թե նման անօրինականություններ չգործել», - ասաց Մանուկյանը։

Դեռ երեք ամիս առաջ «Ազատությանը» դատախազությունից հայտնել էին, որ մեղադրանքի հարցը լուծվում է, երբ քննիչների ձեռքի տակ բավարար ապացույցներ են լինում։ Ստացվում է՝ անցած վեց ամսվա ընթացքում տուժողների պատմությունները, համացանցում տարածված տեսանյութերը բավարար ապացույցներ չեն իրավապահների համար։

Իրավապաշտպան. քաղաքացու դեմ դուրս եկած ոստիկանները չեն պատժվում, իշխանությունները շահագրգռված չեն նրանց պատժելու

«Մեր հեղափոխության նպատակը հո այն չէր, որ Սերժ Սարգսյանին հանեինք այդ աշխատասենյակից և այնտեղ տեղը դնեինք մեկ ուրիշ մեկին, որի անուն-ազգանունը չէր լինի Սերժ Սարգսյան: Մեր նպատակն էր հեղափոխություն իրականացնել, փոխել մեր կարգը, մեր երկրի դրվածքը: Դրվածքը մնաց նույնը և էդ նույն դրվածքով, նույն պատկերացումներով, նույն աշխարհընկալմամբ շարունակում են, ուղղակի մարդկանց անուն-ազգանուններն են փոխվել», - նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյան

Այսպես է եղել նաև Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից առաջ, ասում է իրավապաշտպանը՝ քաղաքացու դեմ դուրս եկած ոստիկանները չեն պատժվում՝ իշխանություններն են նրանց ուղարկում ցույցերը ցրելու, իշխանություններն էլ շահագրգռված չեն նրանց պատժելու հարցում։

«Մարտի 1-ի օրոք, Մարտի 1-ից առաջ 2004 թվականի դեպքերի ժամանակ, երբ երիտասարդը դատապարտվեց ազատազրկման ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար, այն դեպքում, երբ նրա նկատմամբ բռնություն էին կիրառում, մի խոսքով սա շատ սովորական երևույթ է մեզանում», - ընդգծեց Հարությունյանը:

Ոստիկանների գործողությունների դեպքում իրավապահների այս դանդաղկոտությանը զուգահեռ առավել արագ են ընթանում ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու ու ոստիկանի նկատմամբ բռնության հոդվածներով ընդդիմադիրների դեմ հարուցված գործերը։ Ցույցերից հետո մեղադրյալ է ավելի քան 50 ընդդիմադիր, ավելին՝ նրանցից մի քանիսի գործն արդեն դատարան է հասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG