Մատչելիության հղումներ

Ոսկեպարում անհնար են համարում անկլավների փոխանակումը


Երկրի ղեկավարի ակնարկները, թե հայ-ադրբեջանական սահմանները հստակեցնելիս հնարավոր է անկլավները փոխանակվեն, սահմանամերձ Ոսկեպարում չեն էլ քննարկում։

Մի կողմից, ասում են, անհնար բան է, որ ադրբեջանցին գա՝ իրենց նախկին գյուղերում բնակվելու, մյուս կողմից ոսկեպարցին դեմ է անասնապահության իր հիմնական միջոցը հակառակորդին զիջելուն։ Հայտարարություններում անկլավ կոչվող տարածքներն այժմ իրենց արոտավայրերն են։

«Եթե էս անկլավներն ասում են տալիս ենք, էլ մենք չենք կարա ոչ մի անասուն պահենք», - ասում է 83-ամյա Սոկրատ Պապյանը։ - «Խոտը հնձում ենք-բերում, արոտավայր ա, մի քանիսը ֆերմա են սարքել, անասուն են պահում»։

Սոկրատ Պապյան
Սոկրատ Պապյան

Նա հատ առ հատ հիշում է՝ դիմացի սարի անկլավ կոչվող լանջին ադրբեջանցիների երբեմնի տները, մանկական ճամբարն ու տուրիստական կենտրոններն էին։ Հիմա դրանք չկան։ մի քանի ավերակի նմանվող շինություն է մնացել։ Բայց ասում է՝ այսօր այսքան հակասությունների ֆոնին չի պատկերացնում, որ եթե անգամ անկլավները փոխանակվեն, ինչպե՞ս 30 տարի հակառակորդ համարված ադրբեջանցին Ոսկեպարի ճանապարհը կհատի իր տուն հասնելու համար։

Սամվել Աղամյանը 90-ականների պատերազմի մասնակից է եղել։ 16 ոսկեպարցի են կորցրել այս տարածքները պահելու համար։ Անգամ նույն տնից մի քանի հոգի զոհվեց, ասում է։ Մի անհետ կորած համագյուղացի ունեն, որ այդպես էլ լուր չունեցան՝ ինչ եղավ։ հարազատները նրա տուն վերադարձնելու անարդյունք պայքարից հետո հեռացան գյուղից. - «Բայց ինչի՞ համար էինք կռվում, տասնվեց հատ զոհ ենք տվել մենակ ստեղ...»

Սամվել Աղամյան
Սամվել Աղամյան

Գյուղացիները չեն հերքում՝ Ոսկեպարից դեպի Նոյեմբերյան գնացող ճանապարհը մի քանի տեղ հատում է Ադրբեջանի պետական սահմանը։ Դա բոլոր քարտեզներում է երևում։ Խորհրդային տարիներին է այդպես որոշվել։ Բայց արդեն ուրիշ է վիճակը. այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում միջպետական ճանապարհի նկատմամբ հսկողությունը կկորցնենք, ասում է Սոկրատ Պապյանը. - «Ահագին տեղ էդ ասֆալտը իրանց տարածքով ա գնում։ Եթե հակառակ դեպքում իրանք փակեն, մենք կտրվում ենք ամբողջ... ոչ թե մենակ մենք, Հայաստանը կտրվում ա Վրաստանից»։

Նվեր Բեգլարյանը Ոսկեպարի դպրոցում ավելի քան 10 տարի պատմություն է դասավանդել։ Աշակերտներին բաց տեքստով ասել է՝ Ռուսաստանը մեր բարեկամը չի եղել՝ ինչպես 100 տարի առաջ, այլնպես էլ՝ այսօր. - «Իրականության մեջ էս բոլոր ծրագրերը ռուս-թուրքական ծրագրեր են... Փաստացի Ռուսաստանը մեզ իր մեծ ծրագրերի համար ժերտվա ա տալի, որպես մանրադրամ ա օգտագործում, ինչպես հարյուր տարի առաջ»։

Պատմաբանի կարծիքով, Տավուշի մարզի անկլավներից հրաժարվելը Հայաստանին կզրկի երկու ռազմավարական ճանապարհներից։ Հիշեցնում է՝ 90-ականներին Վրաստանից ցորեն ներկրելիս՝ Ոսկեպարը կյանքի ճանապարհ էր կոչվում. - «Եթե նստում են էս ճանապարհի վրա, Վրաստան - Հայաստան միջպետական մայրուղին ա փակվում։ Իսկ Սոֆուլու-Բարխուդարլու, Ազատամուտի մոտ փաստացի փակվում ա դեպի Իջևանի գյուղեր գնացող ճանապարհը և Բերդի տարածաշրջան գնացող ճանապարհը։ Վերջ»։

Երկու տարի առաջ Ոսկեպարի մերձակայքում ռուս սահմանապահներ տեղակայվեցին։ Երկու տարի անց ոսկեպարցիներին այդպես էլ անհայտ է՝ ի՞նչ են անում սահմանապահներն իրենց տարածքում, ում են հսկում, կամ ում պաշտպանում։ Ասում են՝ որևէ առիթով իրենց չեն դիմել, որևէ բան իրենց չեն արգելել կամ իրենցից որևէ բան չեն պահանջել։

Միայն տեսանելի էր, որ ռուսական սահմանապահ ուղեկալում նոր շինարարություն են արել, ավելի հարմարավետ դարձնել ու բարեկարգել երկու տարի առաջվա համեմատ։ Նկարահանումներ այստեղ չեն թույլատրվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG