Մատչելիության հղումներ

Քարտեզագիրը չի հավատում, որ հայկական տարածքները կազատվեն ադրբեջանական զինուժից


Քարտեզագիր Շահեն Շահինյան
Քարտեզագիր Շահեն Շահինյան

Ո՞ր հատվածներում է Հայաստանը մխրճվել Ադրբեջանի տարածք։ Երեկ Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն էր հայտարարել, թե «մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են»։

«Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության, և հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահամազատման և սահմանագծման աշխատանքերին», - ասել էր Վիկտորինը։

«Խոսքը երևի թե մեծամասամբ գնում ա Տավուշի մարզի հատվածում... այստեղ սահմանը չի անցնում 70-ական թվականների հատվածով», - «Ազատության» հետ զրույցում ասում է քարտեզագիր Շահեն Շահինյանը՝ նշելով, որ հաճախ մարտական դիրքերի տեղակայումը քարտեզի գծով չէ, այլ բարձունքներով, ռազմավարական նշանակության կետերով. - «Տավուշի հատվածում մի քանի տեղեր կան, որտեղ զորքերը զբաղեցրել են իրենց ավելի նպատակահարմար դիրքեր։ Տեղեր կա, որ մենք ենք առաջ գնացել, տեղեր կա, որ իրենք են առաջ գնացել»։

Ռուբեն Գալչյան
Ռուբեն Գալչյան

Մեկ այլ մասնագետ՝ Ռուբեն Գալչյանը, ցույց է տալիս Մ16 միջպետական նշանակության մայրուղին, որը 5 անգամ հատում է Ադրբեջանի սահմանը. - «Մտնում է Ադրբեջան դուրս է գալիս մայրուղին։ Դա Իջևանից դեպի Նոյեմբերյան գնացող ճանապարհին»։

Շահեն Շահինյանի խոսքով, Եվրամիության դեսպանը կարող էր նկատի ունենալ նաև Նախիջևանի սահմանի մի հատված. - «Մենք որոշակի սահմանային փոփոխություններ կունենանք և' Նախիջևանի հատվածում, որովհետև էստեղ դիրքեր են տեղակայված, և էստեղ կան տարածքներ, որտեղ մենք ենք հետ քաշվելու, կան տարածքներ, որ իրենք են հետ քաշվելու»։

Բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարվեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է Արցախը և, ըստ մասնագետների, նաև 8 անկլավներ` այժմ հայերով բնակեցված Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին Սյունիք տանող մայրուղու վրա, և 7 գյուղեր Տավուշի մարզում. դրանք այժմ հայկական Ոսկեպարին, Ազատամուտին ու Կիրանցին մոտ գտնվող անբնակ տարածքներ են։

Պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար դրանց վերադարձի մասին է խոսում։

Անկլավների ճակատագրի մասին ոչինչ առայժմ հայտնի չէ։ Ադրբեջանի պահանջին ի պատասխան հայկական կողմը մինչև այժմ հայտարարում էր՝ մենք էլ անկլավ ունենք՝ Արծվաշենը, և նաև սահմանային գյուղերում բազմաթիվ օկուպացված հեկտարներ։ Այժմ ադրբեջանական 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ճանաչելուց հետո արդյո՞ք միանշանակ է, որ Տիգրանաշենն ու Տավուշի անբնակ գյուղերը պիտի Ադրբեջանին հանձնվեն։

«Ենթադրվում է, որ նաև անկլավների մասով պիտի լինի որոշակի բանակցություն, բայց էնտեղ արդեն հարց է առաջանում՝ ինչի՞ է պատրաստ հակառակ կողմը։ Տրամաբանական է, որ մենք կնախընտրենք փոխանակում տարածքային», - ասում է Շահինյանը։

Նրա խոսքով, անկլավների հարցում ամեն ինչ անփոփոխ պահելով լուծելն է ելքը։ Ադրբեջանի մեջ մխրճված հայկական Արծվաշենը Ադրբեջանին մնա,
իսկ նրանց 8 գյուղերը՝ հայերին, տարածքային մեծ տարբերություն չկա։

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Արծվաշենից բացի, այստեղ ներառված են նաև բոլոր այն տարածքները, որ Ադրբեջանը գրավել է 44-օրյա պատերազմից հետո ՝ Սև լճից, Իշխանասարից, Ջերմուկից մինչև Վարդենիսի Վերին Ծորժա՝ շուրջ 150 քառակուսի կիլոմետր. - «Եթե հաշվում են ուղիղ զորքերով զբաղեցրած տարածքները, 150 ա, եթե նաև այդ զորքերի զբաղեցրած դիրքերից վերահսկվող տարածքները՝ հասնում է 200-250-ի»։

Վերջին ներխուժումը վերջերս էր Սյունիքի Տեղ գյուղում։ Հայաստանի վարչապետը «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե պատրաստ ենք ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք խաղաղության պայմանագիրը, այլ ստորագրենք, նոր հետ գնան։

«Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության քանի՞ կետն է կատարել», - հարց հնչեցրեց Շահինյանը։

Ադրբեջանը մինչև այժմ մի մետր անգամ հետ չի գնացել։ Հակառակը՝ կեղծված քարտեզներով շարունակում է ամրապնդվել, ասում է նա։ Չի հավատում, որ հայկական տարածքները կազատվեն ադրբեջանական զինուժից։

Այս պահի դրությամբ մինուս 150 քառակուսի կիլոմետր Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG