Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ հերթական հավաքին


ՀԱՊԿ-ի հետ շարունակվող լարվածության ֆոնին պաշտոնական Երևանը հրաժարվել է մասնակցել ռազմական դաշինքի հերթական հավաքին։

Պաշտպանության նախարարությունն առավոտյան տեղեկացրեց, որ նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս չի մեկնել՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի այսօրվա նիստին։ Ռազմական գերատեսչությունից, սակայն, չեն հստակեցնում՝ որն է պատճառը։

Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Բելառուսի պաշտպանության նախարարները նիստի ընթացքում այսօր Մինսկում «քննարկել են ՀԱՊԿ տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները, կազմակերպության ձևաչափում ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»: Այս մասին ասված է նիստից հետո տարածված հաղորդագրությունում։

ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված նկարներում երևում է, որ նիստին ներկա է եղել ռազմական կառույցի միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Սուրեն Պապիկյանի բացակայությունը, բնականաբար, աննկատ չի անցել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել է, թե կարևոր են համարում Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին։

«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը։ Մենք հետաքրքրված ենք խաղաղության հաստատմամբ և հնարավորն անում ենք Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում օպերատիվ ու մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը», - ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարը։

Հայաստանի իշխանությունները դեռ չեն էլ հստակեցնում՝ արդյոք Հայաստանը կմասնակցի Ղրղըզստանում սպասվող ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժություններին։ Այս զորավարժությունները Հայաստանում պետք է կայանային, սակայն հայկական կողմն այն չեղարկեց։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետը պարզաբանել էր, որ ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանը հրաժարվել էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Օրերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել էր, որ Երևանը քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետն էլ հայտարարեց՝ այդ հարցը դեռ օրակարգից դուրս չի եկել։

«Քանի դեռ այդտեղ կա հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է, չէ՞: Անընդհատ խոսվում է մոնիթորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա Հայաստան, ինչո՞ւ չի գալիս, ի՞նչն է պատճառը, և մենք էլ դրա մասին թափանցիկ ասում ենք: Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ որ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է մեզ անելու», - նշել է վարչապետը:

Պաշտոնական Մոսկվայից էլ արձագանքը չէր ուշացել։ Եթե առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել դրանից բխող սպառնալիքը, այս մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այս հայտարարությանը երեկ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում. - «ԱԳՆ ներկայացուցիչը իմ զրուցակիցը լինել չի կարող, Ռուսաստանի Դաշնության նախագահն է իմ զրուցակիցը և Ռուսաստանի Դաշնության վարչապետն է իմ զրուցակիցը, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքը իմ ասածը պիտի ականջին օղ անի պարզապես»:

Ի դեպ, Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր Մինսկում դարձյալ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին է խոսել ու դա հիմնավորել Եվրամիության առաքելության գործունեությամբ։ Շոյգուն կասկածի տակ է դրել, թե ԵՄ առաքելությունը քաղաքացիական է, հայտարարել, թե դրա կազմում ընդգրկված են զինծառայողներ ու հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Եվրամիությունը բազմիցս է հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդություն անող 100 հոգանոց առաքելությունը բացառապես քաղաքացիական է։













Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG