«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը։ Մենք հետաքրքրված ենք խաղաղության հաստատմամբ և հնարավորն անում ենք Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում օպերատիվ ու մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը»,- Մինսկում ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
ՀԱՊԿ-ը պատշաճ չէր արձագանքել Հայաստանի դիմումներին, անհրաժեշտ օգնություն չէր տրամադրել իր դաշնակցին, երբ ադրբեջանական զորքերը 2021 և 2022 թվականներին ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք ու մինչև հիմա մնում են ամրացված դիրքերում։
Երևանը չեղարկել էր ՀԱՊԿ-ի զորավարժությունը Հայաստանի տարածքում։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մինսկ չի մեկնել ու այսօր չի մասնակցում ՀԱՊԿ-ի նիստին։