Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող ՀԱՊԿ գործընկերներին կոչ է արել քայլեր ձեռնարկել


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կոչ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին, ում երկրները սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ:

«Բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար», - իր ելույթում ասել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։

Հիշեցնելով, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել խաղաղության օրակարգի պատրաստակամության մասին, Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին օրերին ևս, ինչպես և նախորդիվ Ադրբեջանը շարունակել է իր սադրանքները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի վերջին երեք տարիների ռազմական գործողությունների հետևանքով ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է:

«Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր», - հայտարարել է ԱԺ խոսնակը:

Մինչ խորհրդի նիստը անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում ղեկավարած երկիրը ևս հայտնի է Ադրբեջանի հետ սերտ կապերով: Մինչդեռ, Բելառուսի նախագահը նշել է, թե Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ:

«Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,- ասել է նա՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է պատկերացնում եղած հակասությունների լուծումը։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, սակայն, վերջին օրերին հայտարարում են, որ Երևանում ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ են եղել՝ վարչապետի ղեկավարությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստում։ Այս պահին, սակայն, հայաստանցի պաշտոնյաները հավաստիացնում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։

Կազմակերպությունը լքելու քննարկումը, ըստ փոխարտգործնախարարի, հաջորդել է անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակմանը, երբ Հայաստանը դաշինքի գործընկերներից ակնկալում էր ռազմական օգնություն, որը չստացավ։ Ապա Երևանը առկախեց ՀԱՊԿ-ի առաջարկը՝ դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին՝ արժանանալով Մոսկվայի քննադատությանը, թե դիտորդների հարցում ՀԱՊԿ-ի փոխարեն Հայաստանը նախապատվությունը տվել է Եվրամիությանը։

Հայաստանը իր դժգոհությունները նաև գործնականում արտահայտեց՝ կառավարությունը չեղարկեց Հայաստանում ծրագրված ՀԱՊԿ զորավարժությունները և հրաժարվեց Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

XS
SM
MD
LG