Հայաստանի վարչապետն այսօր երեկոյան Ռուսաստանի նախագահի հրավերով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին, հաղորդում են կառավարությունից:
Այս պահին հայտնի չէ՝ նախատեսված է արդյոք Փաշինյան-Պուտին առանձին հանդիպում, թե՝ ոչ
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակը չէր բացառել հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ կարող են անցկացվել Մոսկվայում։
Բրիտանական The Financial Times պարբերականն, իր հերթին, հայտնում է, որ շաբաթվա վերջին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալելու է Փաշինյանին և Ալիևին: Հայաստանի կառավարությունից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են այս տեղեկությունը։
«Ինչ վերաբերվում է բրյուսելյան այցին, ամենայն հավանականությամբ, սա փորձ է վաշինգտոնյան բանակցություններից հետո ինչ-որ բան կառուցել արդեն իսկ ձեռք բերված փոքր պայմանավորվածությունների վրա: Այստեղ պետք է նկատել, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը տանդեմով են գործում, այսինքն թիմային աշխատանքի ականատեսն ենք այս հարցում», - ասաց քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը:
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վաշինգտոնյան քառօրյա բանակցությունների ընթացքում։ Բաքուն ու Երևանը արլինգթոնյան հանդիպումներից հետո տարածեցին նույն տեքստը՝ «Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ, 2 կողմերը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ սակայն նաև մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:
Բրյուսելյան առաջիկա հանդիպումը շարունակելու է Արլինգթոնի քննարկումները, նկատում է քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը։
«Զբաղվում են ֆասիլիտացիայով, չունեն սեփական առաջարկներ, շեշտը դնում են ուղիղ բանակցությունների վրա՝ չմիջնորդավորված բանակցությունների վրա և պարզապես փորձում են կողքից օգնել կողմերին՝ հասնել ինչ-որ լուծումների: Սա իրականում բավականին հարմար դիրքորոշում է, վստահաբար, եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, Միացյալ Նահանգների կամ Եվրամիության ստորագրությունը էդ փաստաթղթում չի լինելու, և դժվար թե Երևանի կողմից այսքան բարձրաձայնվող այդ երաշխիքների մեխանիզմի շուրջ ինչ-որ պայմանավորվածություն լինի», - ասաց Գրիգորյանը:
Բրիտանական The Financial Times-ի աղբյուրի համաձայն՝ բրյուսելյան բանակցությունները, հավանաբար, կկենտրոնանան Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վրա, ինչը Երևանն անընդունելի է համարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով, իսկ Բաքուն հայտարարում է, թե ճանապարհը փակ չէ։ Բաքվից պարբերականին ասել են, որ «Ադրբեջանին հարմար է Շառլ Միշելի առաքելությունը, քանի որ ԵՄ-ը, ըստ ադրբեջանական կողմի, չունի թաքնված օրակարգ չունի: Միևնույն ժամանակ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հաջիևը նշել է, որ դրական են տրամադրված նաև մոսկովյան ֆորմատին, քանի որ «գործընթացը որքան ավելի ավելի «ընդգրկուն» լինի, այդքան ավելի արդյունավետ կլինի»։ Երևանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ անկախ հարթակներից քննարկման առարկան նույնն է, սակայն ըստ քաղաքական մեկնաբանի, Երևանը նախապատվությունը տալիս է վաշինգտոնյան ձևաչափին։
«Բաքուն փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին և իր համար, մեծ հաշվով, կարևոր չէ այդ նպատակներին հասնելու գործընթացում ով է միջնորդելու՝ Բրյուսելը, Վաշինգտոնը, թե Մոսկվան: Հայաստանում կարծես թե, այնուամենայնիվ, նախապատվությունը տրվում է հատկապես ամերիկյան միջնորդությանը, որովհետև Երևանում տեսնում են, որ Մոսկվայի կողմից տրված երաշխիքները ի կատար չեն ածվում», - նշեց Գրիգորյանը
Խաղաղության պայմանագրի տեքստը պետք է լինի մաքսիմալ պարզ, հասկանալի, հնարավորինս քիչ տարընթերցումների տեղիք տվող, պետք է գործի մեխանիզմ այդ պայմանագիրն իրականացնելու, ինչպես նաև վեճերի լուծման համար, ուրբաթ «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Երևանի այս մոտեցումը ևս մի բաժանարար գիծ է հայ-ադրբեջանական բանակցություններում գլխավոր՝ Ղարաբաղի հարցում տարաձայնություններից հետո, կարծում է Գրիգորյանը: Ըստ նրա, Բաքվին այդպիսի երաշխիքներ հարկավոր չեն։
«Այս ամենը դժվար իրականանալի է երկու պատճառով. առաջին պատճառն այն է, որ միջազգային նմանատիպ փխրուն իրավիճակում, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում դժվար է ակնկալել, որ ինչ-որ միջազգային դերակատարներ կարող են ստանձնել նմանատիպ պատասխանատվություն: Երկրորդ խնդիրն այն է, որ Բաքուն, իհարկե, չի ցանկանում հրաժարվել իր քաղաքականությունից նույնիսկ փաստաթուղթ ստորագրելուց հետո: Այսինքն՝ փորձելու է այդ հնարավորությունների պատուհանը բաց թողնել», - ընդգծեց նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 1-ին պլանավորվում է Փաշինյան-Ալիև հանդիպում Քիշնևում, այս մասին Երևանում տեղեկացրել էր Ֆրանսիայի արտգործնախարարը։
The Financial Times-ը հավելում է, որ հանդիպումը տեղի է ունենալու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի միջնորդությամբ։