Մատչելիության հղումներ

Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում թերևս ավելի լավ կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունները․ «Մարմարա» հրատարակության տնօրեն


«Մարմարա» հրատարակության տնօրեն Արի Հատեճյան
«Մարմարա» հրատարակության տնօրեն Արի Հատեճյան

Թուրքիայում Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում թերևս ավելի լավ կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունները, «Ազատության» հետ զրույցում ասաց «Մարմարա» հրատարակության տնօրեն Արի Հատեճյանը՝ ամեն դեպքում հույս հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցությունները շուտով նորից կվերսկսվեն։

Նրա կարծիքով՝ դրանք կանգ էին առել Թուրքիայում նախագահական ընտրությունների և ոչ թե Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման պատճառով։

Հատեճյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Հատեճյան․ - Մենք երկու հայրենիք ունենք․ մեկը Թուրքիան է, մյուսն, անշուշտ, Հայաստանը։ Մենք անշուշ ցանկանում ենք, որ մեր երկու հայրենիքներն իրար հետ հաշտ լինեն, մենք էլ երկու երկրներում ազատ, համարձակ, հեշտորեն կարողանանք գնալ, գալ, խոսել և երջանիկ ապրել, դրա համար մեզ համար նախընտրելի է և հուսանք որ երկու երկրները ժամ առաջ անցյալը կմոռանան և ապագային կնայեն։ Ես կարծում եմ, որ ընտրությունների պատճառով մի քիչ դադարեցվեցին այդ խոսակցությունները։ Վստահ եմ, որ ամեն ինչ կվերսկսվի։

«Ազատություն»․ - Իսկ «Նեմեսիսի» արձանը պատճառ չէ՞ դրան։

Հատեճյան․ - Չեմ կարծում, նման բաները մի քանի շաբաթ օրակարգում են լինում, բայց հետո մոռացվում են։ Մանավանդ այդ «Նեմեսիսի» ամենամեծ հակազդեցություն ցույց տվողը, որ մեր արտաքին գործերի նախարարն էր, այժմ պատգամավոր է դարձել, չգիտենք, թե ով կլինի արտաքին գործերի նոր նախարարը, ամեն ինչ նաև դրանից է կախված, և ես չեմ կարծում, որ Էրդողանը Չավուշօղլուի չափ այդքան կարծր գաղափարներ ունենա, այդքան կարծր վերաբերմունք ունենա այդ արձանի վերաբերյալ։

Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը: Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

«Ազատություն»․ - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ երրորդ երկրների համար կբացվի սահմանը, այսինքն՝ այդ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի։

Հատեճյան․ - Հուսով եմ, որ կբացվի, հավանական է։

«Ազատություն»․ - Կա տեսակետ, որ Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում կարող է փոխվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը դեպի դրականը, Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ։

Հատեճյան․ - Հեշտ չէ պատասխանել այս հարցին, որովհետև գրեթե 50 տարի է, կամ գուցե ավելի այս երկիրը GHP-ական (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն) իշխանություն չի տեսել, դրա համար չգիտենք, թե ինչպես պիտի լինի, եթե GHP-ն հաղթի, բայց վերջերս GHP-ական պատասխանատուների ասածներից կարող եմ հետևություն անել, որ ավելի վատ չի լինի, և հույս ունեմ, որ թերևս ավելի լավ կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունները։

«Ազատություն»․ - Մասնավորապես, այստեղ խնդրահարույց է Թուրքիայի այսօրվա օժանդակությունն Ադրբեջանին, այս տեսանկյունից Դուք կարծո՞ւմ եք, որ Քըլըչդարօղլուի օրոք կփոխվի որևէ բան։

Հատեճյան․ - Չեմ կարծում, որ շատ կփոխվի, որովհետև կան բաներ այս երկրում, որ անփոփոխ կմնան։ Ով էլ որ գա իշխանության, ստիպված է այդ գծերով քայլել, այդ գծերից դուրս չեն կարող գալ, որովհետև ժողովուրդը ճնշում կգործադրի և չի արտոնի իշխանությանը, ով էլ որ լինի, տարբեր ձևով շարժվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG