Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս կանդրադառնան Թուրքիայի ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների վրա


Պոլսահայ գործիչ Տիգրան Ալթունը, որը երկար տարիներ զբաղվել է հայ-թուրքական երկխոսությունը կազմակերպելու հարցով, այդքան էլ լավատես չէ, որ Թուրքիայում անգամ իշխանության փոփոխության դեպքում հայ - թուրքական կարգավորման գործընթացը կարող է մեծ արդյունքներ գրանցել կամ շեշտակի փոխվի Անկարայի վերաբերմունքը Երևանի նկատմամաբ:

«Սա պետական քաղաքականություն է և չեմ կարծում, որ այսքան արագ կարողանան պետական քաղաքականությունը փոխել, այնպես որ շատ մեծ տարբերություն չպիտի լինի հայ-թուրքական հարաբերությունների համար: Ես հավատում եմ, որ Ադրբեջանն այնքան ազդեցություն ունի Թուրքիայի վրա, որ այլևս Թուրքիան չի կարող Ադրբեջանին անտեսել և որևէ այլ քաղաքականություն անել, այնպես որ ստիպված են Ադրբեջանի քաղաքականությանը հետևելու», - ասաց Տիգրան Ալթունը:

Պոլսահայ գործչի կարծիքով՝ պետք է անպայման հայ-թուրքական երկխոսությունը շարունակվի:

«Հայաստանի վախերը՝ եթե սահմանները բացվի թուրքերը Հայաստան կգան, այս կանեն, այն կանեն և այլն, իրականություն չեն: Հայաստանն այսօր չորս կողմից շրջապատված երկիր է, միակ տեղը, որ կարանք դուրս գալ Վրաստանն է և Պարսկաստանը: Մենք պետք է մեր հարևանների հետ ապրելու ձևը գտնենք, այդ ձևը չի նշանակում, որ սկզբունքներդ պետք է վազանցնես, բայց առօրյա կյանքը շարունակելու համար սահմանները պետք է բացվեն: Ես հավատում եմ, և հույս ունեի, որ հունիսի 1-ին գոնե երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը պիտի բացվեր, բայց «Նեմեսիսի» արձանից հետո կարծես թե ամեն ինչ մի քիչ խանգարվեց», - ընդգծեց նա:

Անդրադառնալով թուրքական կողմի արձագանքին՝ Երևանում «Նեմեսիսի» արձանի տեղադրմանը՝ Տիգրան Ալթունն ընդգծեց, որ հարցն այդչափ մեծացնելու պատճառ հավանաբար հանդիսացան հենց ընտրությունները:

«Եթե արձանի համար գանգատ պետք է ներկայացնեն, մենք էլ գանգատ պետք է ներկայացնենք՝ մեր հայկական թաղերում Թալեաթ փաշայի փողոցը կա, դպրոցը կա և ուրիշ տեղ չէ, ուր որ հայերն են ապրում Թալեաթ փաշայի դպրոց են դրել: Այսինքն՝ սա ինձ համար ընտրությունների համար մեծացրած հարց է, ուրիշ բան չէ», - ասաց նա:

Թուրքիայում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական ամփոփմամբ երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը:

Քվեարկությանը մասնակցել է բնակչության 86 տոկոսը կամ 55 միլիոն մարդ:

Ինչպես և ակնկալվում էր խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Անթալիայում, Ստամբուլում, Իզմիրում Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը շուրջ 20 տարի է իշխանության ղեկին է, պարտվել է: Այդ քաղաքներում իշխանությունն արդեն վստահությունը կորցրել է, օրինակ, Ստամբուլում, Անկարայում քաղաքապետերը ընդդիմադիր են:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Թուրքիայում կկայանա մայիսի 28-ին:

XS
SM
MD
LG