Մատչելիության հղումներ

«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում». ԵՄ դեսպան


Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, այսօր Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ հույս հայտնելով, որ «երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին»։

Ճշտող հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով՝ «հայկական զորքերը սահմանային տարածքներում» դեսպանը պատասխանեց. - «Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել բրյուսելյան ձևակերպումը»։

Իսկ թե որ հատվածների մասին է խոսքը, Վիկտորինը չհստակեցրեց՝ նշելով՝ մանրամասներին ծանոթ չէ։ «Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից», - ասաց դեսպանը։

Թե որ հատվածների մասին էր խոսում ԵՄ դեսպանը, պարզ չէր նաև փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում փոխարտգործնախարարը ենթադրեց, որ «հավանաբար խոսքը վերաբերում է դեռ 1-ին պատերազմին Լեռնային Ղարաբաղում»։

«Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել, բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը», - ասաց Հովհաննիսյանը։

XS
SM
MD
LG