Մատչելիության հղումներ

Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն. Փաշինյան


Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում վարչապետ նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ «Արևելյան գործընկերության» նախաձեռնությանը և դրա հետ կապված ակնկալիքներին և նշել, որ Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն:

«Ժողովրդավարությունը մեր իսկական համոզմունքն է: Մենք շահագրգռված ենք խորացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Դեմոկրատական բարեփոխումների իրականացման հարցում մեր հիմնական գործընկերը Եվրամիությունն է», - ասել է ՀՀ վարչապետը:

«Հույզերը մի փոքր նվազել են, ավելի կառուցողական քննարկումների դաշտ է բացվել»

Անդրադառնալով ներքաղաքական կացությանը, բազմակարծությանը և, հարցադրողի ձևակերպամամբ, «իրենից ծաղր ներկայացնող այսօրվա ընդդիմության փոխարեն Ազգային ժողովում իրական խստապահանջ ընդդիմություն տեսնելու անհրաժեշտությանը», Փաշինյանն ասել է, որ վերջերս խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի է ունեցել երկու կարևոր քննարկում, «մեկը՝ բառացիորեն երեկ»:

Իրավիճակը պատերազմից հետո շատ բևեռացված էր, հռետորաբանությունը՝ շատ կոշտ: «Խոստովանեմ, դա ոչ միայն ընդդիմության, այլև մեր կողմից էր: Հիմա հույզերը գուցե մի փոքր նվազել են: Ավելի կառուցողական քննարկումների դաշտ է բացվել: Դա կառավարության և [խորհրդարանական] մեծամասնության պատասխանատվությունն է՝ անել ամեն ինչ պատշաճ հարթակ ձևավորելու համար՝ հատկապես խորհրդարանում, երբեմն սուր և թեժ, սակայն կառուցողական քննարկումների համար», - ընդգծել է վարչապետը:

Նրա փոխանցմամբ՝ ինքը վերջերս խորհրդարանում մի շարք կարևոր հայտարարություններ է արել և նկատել է, որ «ընդդիմությունը լսել է այդ ուղերձները»: «Դա հաջողություն է խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի նույնիսկ չէին լսում, ականջալուր չէին լինում, նույնիսկ ինչ-որ բաներ էին շպրտում, բռունցքներով կռվում էին: Դա էլ է մարտահրավեր մեր ժողովրդավարությանը՝ ձևավորել պատշաճ մթնոլորտ տրամաբանական քննարկումների համար: Հույս ունեմ, որ դա պատահականություն չէ, նոր մշակույթի սկիզբն է», - ասել է Փաշինյանը:

«Հայաստանում ԵՄ-ի մասին կարծիքն էապես բարելավվեց դիտորդների տեղակայումից հետո»

Փաշինյանը նաև ընդգծել է՝ «այն բանից հետո, երբ Եվրոպական միությունը դիտորդների առաքելություն տեղակայեց, Հայաստանում Եվրամիության մասին կարծիքն էապես բարելավվեց»:

«Մինչ այդ էլ կարծիքը դրական էր, բայց այն հատկապես ընդգծվեց առաքելության տեղակայումից հետո: Մեր հասարակությունը շատ դրական ձևով է գնահատել Եվրոպական միության ընդունած բանաձևերը, քանի որ դրանցում առկա իրավիճակի ճշգրիտ և օբյեկտիվ գնահատական տեսավ: Ուստի, մեր պատկերացումը հետևյալն՝ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումները, զարգացնենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, և ևս մեկ կարևոր գործոն՝ ապացուցենք, որ ժողովրդավարությունն ի զորու է ապահովել նաև անվտանգություն: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել մնայուն տևական խաղաղությունը: Հույս ունենք, որ միջազգային հանրությունը կօգնի մեզ հասնել այդ խաղաղությանը», - ասել է Հայաստանի վարչապետը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ավելի շուտ քննարկեր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը»

Պատասխանելով հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը հարկ եղած չափով հետաքրքրված է Արցախի շուրջ ներկայիս իրավիճակի հանգուցալուծմամբ, Հայաստանի վարչապետը նշել է, որ տվյալ ժամանակաշրջանում «հասկանալի պատճառներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շատ բարդ իրավիճակ է» (ենթադրաբար նկատի ունի ռուս - ուկրաինական պատերազմի կապակցությամբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամը):

Փաշինյանն ասել է, որ հայկական կողմի կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ավելի շուտ քննարկեր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը:

«Դժբախտաբար, մենք դրա ականատեսը չենք դառնում, պետք է շատ կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն, բայց դա չի արվել: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք Անվտանգության խորհրդի անդամների հետ այս իրավիճակը լուծելու ուղղությամբ: Բայց, անկեղծ ասած, դա միայն մեր տարածաշրջանի հետ չէ կապված, գիտեք ընդհանուր իրադրությունը, այն նպաստավոր չէ Անվտանգության խորհրդում կառուցողական համագործակցության համար, և, սովորականի պես, փոքր երկրներն են տուժում նման իրավիճակից»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG