Անցած շաբաթ Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում անցկացված քառօրյա բանակցություններից հետո «թե՛ կողմերը, թե՛ միջնորդը հայտարարեցին, որ գրանցվել է որոշակի առաջընթաց որոշ հարցերի շուրջ, միևնույն ժամանակ կան նաև դեռևս չլուծված խնդիրներ», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ հաղորդման եթերում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
Քոչինյանի ընկալմամբ՝ բաց է մնում մի քանի հարց. - «Այդ բաց հարցերից ամենաառաջինը, ըստ էության, հետևյալն է՝ ինչպիսի՞ն պետք է լինի արցախահայության կարգավիճակը, ինչպիսի՞ երաշխիքներ պետք է ստանա արցախահայությունը»:
«Ինչքանով որ ես եմ ընկալում, բանակցային գործընթացը մուտք է գործել հետևյալ տրամաբանության մեջ՝ արցախահայությունը Ադրբեջանի կազմում պետք է ունենա որոշակի անվտանգության և իրավունքների երաշխիքներ», - նշեց քաղաքագետը՝ շարունակելով. - «Ադրբեջանը անգամ, այս պահի դրությամբ, սրան չի համաձայնում, կամ համառում է անգամ այս հարցում: Բայց այս հարցում, ի տարբերություն, օրինակ, Արցախի կարգավիճակի հարցի, ինչքանով որ ես եմ ընկալում, մենք ունենք որոշակի ըմբռնում միջազգային հանրության մեջ, որ դա պե՛տք է լինի և դա կարևո՛ր է, որ լինի: Որովհետև հակառակ պարագայում մենք, ըստ էության, խոսում ենք պարզապես էթնիկ զտման մասին, որովհետև բնակչության տեղահանումը որոշակի տարածքից նույնպես էթնիկ զտում է»:
Այդ պատճառով, ընդգծեց Արեգ Քոչինյանը, «մենք ունենք որոշակի փոխըմբռնում, որ, այո, այդ մեխանիզմը պետք է, բայց խնդիրները սկսվում են արդեն դետալների մեջ, թե իրենից ի՞նչ պետք է ներկայացնի այդ մեխանիզմը»:
«Հիմա, ավելի կոնկրետ բան, թե այդ մեխանիզմն իրենից ներկայացնելու է որոշակի պաշտպանության իրավունքով կոնտինգենտ, թե մեխանիզմն իրենից ներկայացնելու է որոշակի դիտորդական առաքելություն, թե որոշակի իրավա-տեխնիկական ինչ-որ համալիր՝ այ, ավելի կոնկրետ, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ միջազգային մեխանիզմը, որը պետք է ապահովի արցախահության անվտանգությունն ու իրավունքները, դեռևս գոյություն չունի: Եվ սրան շատ մեծ վնասում է Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը և մաքսիմալիստական ակնկալիքները», - ասաց Քոչինյանը:
«Եվ սա մենք պարբերաբար պետք է, ես կարծում եմ, մեր բոլոր գործընկերների հետ աշխատանքի մեջ նշենք, բարձրաձայնենք, որ այս պահի դրությամբ բանակցային գործընթացի և ընդհանրապես մեր աշխատանքի ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանի մաքսիմալիզմն է: Պատերազմում հաղթած կողմ, որը որ արբեցած է իր հաղթանակով և փորձում է ստանալ միաժամանակ և ամեն ինչ», - շեշտեց քաղաքագետը: