Մատչելիության հղումներ

Մայիսի 9-ի զորահանդեսը տեղի կունենա առանց կրճատումների․ Պեսկով


Մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսը տեղի կունենա առանց կրճատումների, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա փոխանցմամբ, զորահանդեսի ընթացքում ելույթ կունենա երկրի ղեկավարը։ Խոսնակն այդպես պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք անօդաչուներով Կրեմլը հարվածների ենթարկելու վերջին միջադեպը կարող է զորահանդեսի ծրագրի փոփոխություններ ենթադրել։

«Ո՛չ, նախապատրաստվում է սովորական զորահանդես, այլ բան չունեմ ասելու։ Ինչպես և ընդունված է, նախագահը ելույթ կունենա»,- ասել է Պեսկովը:

Կրեմլը պնդում է, որ Կիևը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ կասեցվել է։ Ըստ Ռուսաստանի իշխանությունների, սա «ահաբեկչական հարձակում է»։

Կիևը հայտարարել է, թե տեղեկություն չունի Կրեմլի վրա հարձակման փորձերի մասին։ Կիևի նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան, ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Այսօր, մեկնաբանելով Կրեմլի վրա անօդաչուների գրոհը, Պեսկովն ասել է, թե Մոսկվան գիտի, որ հարվածներ հասցնելու միջոցները և թիրախները թելադրում է Վաշինգտոնը։

«Մենք լավ գիտենք, որ այսօրինակ ահաբեկչական գործողությունների մասին որոշումներն ընդունվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում։ Կիևը պարզապես կատարում է այն, ինչ հրամայում են», - ասել է Պեսկովը։

XS
SM
MD
LG