Մատչելիության հղումներ

Մինչև տարվա վերջ ուկրաինական կողմը կվերադարձնի բոլոր տարածքները. պնդում է ուկրաինացի զինվորականը


Կիևը պատրաստվում էր անցած փետրվարի 24-ին՝ պատերազմի մեկնարկի տարելիցին, հարվածներ հասցնել Մոսկվային, բայց հրաժարվել է այդ մտադրությունից Վաշինգտոնի խնդրանքով, գրել է Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին, որոնք շաբաթներ առաջ արտահոսքի արդյունքում հայտնվել են համացանցում։ Ըստ լրատվամիջոցի՝ փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ով է դեմ եղել հարվածներին, կամ ինչու են ուկրաինացի պաշտոնյաները փոխել իրենց կարծիքը։

Պաշտոնական Կիևն այս հրապարակումներն առայժմ ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել։

Մինչ այդ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն այսօր հայտարարել է, թե մինչև տարվա վերջ ուկրաինական կողմը կվերադարձնի ռուսներին անցած բոլոր տարածքները, վճռական մարտերն էլ կսկսվեն մինչև ամառ, այսինքն՝ առաջիկա շաբաթներին։

«Այս պատերազմին վերջ դնելու միայն մեկ ճանապարհ կա՝ սա ցանկացած ձևով 1991թ. սահմանների վերադարձն է։ Այս պատերազմն առանց տարածքային խնդիրների լուծման անհնար է, անիրատեսական։ Ուկրաինան երբեք չի համաձայնի հանձնել իր տարածքների որևէ մաս», - ասել է նա։

Սպասվող հակահարձակման հստակ ժամկետ Բուդանովը չի նշել, շեշտելով, թե դա գաղտնիք է։

Պաշտոնապես հակահարձակումը դեռ չի սկսվել։ BBC-ի աղբյուրները, սակայն, այսօր հաստատել են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը Խերսոնի մոտակայքում։

Զինվորականները «որոշակի տեղաշարժ են իրականացնում Դնեպր գետով Խերսոնի շրջանում», - BBC-ին հաստատել են Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրները։

Հանգստյան օրերին այս մասին գրել էին ռուս բլոգերները։ Խերսոնի շրջանի օկուպացիոն վարչակազմը հերքել էր տեղեկությունը։

Ուկրաինական ուժերի առաջխաղացումը հաստատել է նաև Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։

Ամերիկացի փորձագետները, բացի այդ, մանրամասն վերլուծելով ռազմաճակատի տարբեր հատվածներում ռուսական ուժերի կազմն ու վիճակը, պնդում են, որ նրանք վատ են պատրաստված ուկրաինական սպասվող հարձակմանը՝ ստորաբաժանումները հյուծված են, մոբիլիզացվածների ուժերը բավականաչափ պատրաստված չեն, ստորաբաժանումների միջև գործողությունների համակարգումն էլ վատն է:

Ռուսական կողմը, սակայն, շարունակում է խոսել հաջողությունների մասին, պնդելով, թե արդեն հսկում է Բախմուտ քաղաքի մեծ մասը, այդ թվում՝ ամբողջ կենտրոնը։ Կիևն, իր հերթին, հայտարարում է, թե բանակը կշարունակի պայքարել մինչև վերջ։

«Ուկրաինան չի կարող Բախմուտը հանձնել ռուսներին»,- երեկ ասել է նախագահ Զելենսկին։

«Մենք չենք կարող հրաժարվել Բախմուտից, քանի որ դա կօգնի ընդլայնել ռազմական գործողությունների ճակատը և հնարավորություն կտա ռուսական զորքերին և «Վագներին» գրավել շատ հողեր», - հավելել է նա։

Կատաղի մարտերը թե՛ Բախմուտում, թե՛ Դոնբասի այլ հատվածներում շարունակվում են։

Միաժամանակ, ինչպես այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գիշերը հարձակման է ենթարկվել բռնակցված Սևաստոպոլը. - «Այսօր՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 03:30-ին, Կիևի ռեժիմը երեք առանց անձնակազմի արագաշարժերով փորձել է գրոհել Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի բազան: Սևաստոպոլի ծովածոցի մոտակայքում գտնվող ուժերը ոչնչացրել են հակառակորդի բոլոր առանց անձնակազմի արագընթաց նավերը։ Ոչ մի կորուստ»։

Ռուս-ուկրաինական արդեն 14 ամիս տևող պատերազմի պատճառով աշխարում կտրուկ աճել են ռազմական ծախսերը։

2022 թվականին դրանք հասել են ռեկորդային բարձր ցուցանիշի` 2,24 տրիլիոն դոլարի, փաստում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի վերջին զեկույցը, ըստ որի՝ դրա հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա։ Ռազմական ծախսերով Ռուսաստանը երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Անցած տարի Ռուսաստանի ռազմական ծախսերը աճել են 9,2 տոկոսով և կազմել 86,4 մլրդ դոլար։ Ընդ որում, այդ ցուցանիշը 34 տոկոսով ավելի է, քան նախատեսված էր Ռուսաստանի բյուջեով, նշում են զեկույցի հեղինակները։

Ուկրաինայի ռազմական ծախսերը հասել են 44 միլիարդ դոլարի՝ մեկ տարվա ընթացքում 640 տոկոսով ավելի: Սա աշխարհում երբևէ գրանցված ամենադրամատիկ աճն է:

XS
SM
MD
LG