Կիևի՝ հակահարձակման պատրաստվելու լուրերի ֆոնին Միացյալ Նահանգները 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է արդեն այսօր, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:
Փաթեթը ներառելու է հրետանային արկեր, հաուբիցներ, HIMARS հրթիռներ, ականանետեր, հրթիռներ և հակատանկային զենք։
ԱՄՆ-ն առաջին անգամ է ուղարկում Hydra-70 հրթիռներ, որոնք արձակվում են օդանավից և կարող են օգտագործվել Ուկրաինայի ցամաքային զորքերի առաջխաղացմանն օդային աջակցություն ցուցաբերելու համար։
Զենքը ստացվելու է Պենտագոնի պահեստներից:
2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժումից ի վեր սա զենքի 37-րդ մատակարարումն է Ուկրաինա:
Այս փաթեթը ներառյալ, Կիևին Վաշինգտոնի ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի մոտ 36 միլիարդ դոլար։
Պաշտոնյաներն ասում են, որ զենքը և այլ սարքավորումները կօգնեն Ուկրաինային դուրս գալ երկարատև և արյունալի փակուղուց, հատկապես Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում: