«Այս մի քանի օրվա ընթացքում որոշ չափով հնարավոր է եղել ռուս խաղաղապահների աջակցությամբ ներկրվող հումանիտար բեռի ինչ-որ հատված թողնել շրջափակման մեջ գտնվող համայնքներում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, թե առաջիկայում էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները պատրաստվում են բացել Շուշի-Քարինտակ հատվածը, Բեգլարյանը նշեց, որ այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա:
«Որոշ լրատվամիջոցներ կամ տելեգրամյան ալիքներ են դրա մասին գրել, ընդ որում, դա ուղղակի մտադրություն է, և այս պահի դրությամբ այդ հատվածում ճանապարհը շարունակում է փակ մնալ, որևէ ձևով իրավիճակի փոփոխություն չկա, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ նույնիսկ եթե այդ հատվածը բացվի, չի նշանակում, որ Արցախի շրջափակումը վերացվել է, որովհետև Հակարիի կամրջի մոտ, Լաչինի միջանցքում, անցակետ կա և ադրբեջանական սահմանապահներ: Միակ դրական կողմը այս ճանապարհը բացվելու, եթե բացվի, այն է լինելու, որ Շուշիի շրջանի 4 գյուղերը՝ Լիսագոր, Եղցահող, Մեծ շեն և Հին Շեն, ուղղակի կապ կունենան Ստեփանակերտի և Արցախի մնացած բնակավայրերի հետ», - նշեց արցախցի պաշտոնյան:
Ադրբեջանական կողմը ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել այնտեղ: Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում Շուշի-Քարինտակ հատվածը:
Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է տիրում այս պահին երկկողմանի շրջափակման մեջ գտնվող համայնքներում, Բեգլարյանը պատասխանեց. «Հիմնական կարիքները հրատապ կարիքներն են՝ սնունդ, դեղորայք ու նմանատիպ առաջնահերթ կարիքներ, սակայն այս մի քանի օրվա ընթացքում որոշ չափով հնարավոր է եղել ռուս խաղաղապահների աջակցությամբ ներկրվող հումանիտար բեռի ինչ-որ հատված իրենց մոտ թողնել և համապատասխան մարմինները ամեն օր այդ համայնքների ղեկավարների հետ կապի մեջ են լինում»:
Եթե շրջափակումը շարունակվի, ըստ Արտակ Բեգլարյանի, հրատապ կարիքները, հատկապես պարենի հետ կապված, ավելի արտահայտված կլինեն:
Պետնախարարի խորհրդականը նաև հայտնեց, որ եղանակների տաքացմամբ պայմանավորված Արցախում կարելի է ասել այս պահին չկա ջեռուցման խնդիր:
«Բայց գազը չկա մարտի 22-ից ի վեր և դրանից առաջ ավելի երկար ժամանակ՝ ընդհատումներով, պետք է հաշվի առնել, որ այսօր 138-րդ օրն է և հանրագումարային շրջափակման կեսից ավելին՝ 72 օր շարունակ գազամատակարարում չի ունեցել Արցախի ժողովուրդը, որի ճնշող մեծամասնությունը հենց ջեռուցման սեզոնին է եղել: Դրանից բացի կան նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ և այլն», - ներկայացրեց նա:
Օգտատերերից մեկի հարցին՝ Արցախը պատրա՞ստ է դիմագրավել Ադրբեջանի ագրեսիաներին, Բեգլարյանը պատասխանեց. - «Եթե մեր հայրենակիցը նկատի ունի ռազմական ագրեսիային, լայնածավալ պատերազմին և միայն Արցախը, իհարկե, Արցախը հնարավորինս անելու է դիմագրավելու, բայց երկարաժամկետ դիմագրավել հնարավոր չէ այս պայմաններում, երբ Արցախն արտաքին աշխարհից կտրված է, բոլոր նյութատեխնիկական մատակարարումներից կտրված է և շրջափակման պայմաններում, այն էլ այսպիսի սպառազինությունների և քանակական լայն տարբերության պայմաններում, բնականաբար, հնարավոր չէ երկարաժամկետ պատերազմ մղել: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ մենք հոգեբանորեն, կամքի տեսանկյունից պատրաստ ենք լրացուցիչ ագրեսիաների դիմակայել, սակայն հույս ունենք, որ ըստ կարիքի միջազգային հանրությունը, ռուս խաղաղապահները և Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր ձևերով մեր կողքին կանգնելու է՝ նախ կանխելու պատերազմը, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ մեզ աջակցելու պատշաճ քաղաքական, դիվանագիտական, ռազմական և այլ գործիքակազմերով»:
Բեգլարյանը նշեց, Հայաստանի Հանրապետությունից ակնկալում են բոլոր հնարավոր ձևերով աջակցություն Արցախին:
«Իհարկե, բավականին աջակցություն հետպատերազմյան շրջանում եղել է հատկապես հումանիտար, սոցիալական, տնտեսական տեսանկյունից», - ընդգծեց արցախցի պաշտոնյան: