Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը, ըստ Արցախի, փակել է Հակարիի կամուրջը. Բաքուն հաղորդում է անցակետի տեղադրման մասին


Լուսանկարը՝ Գոհար Սարգսյանի
Լուսանկարը՝ Գոհար Սարգսյանի

Ադրբեջանական կողմը այսօր փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Բաքուն, իր հերթին, նշում է, որ Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի մուտքի մոտ, անցակետ է տեղադրել, ինչի մասին, ըստ հաղորդագրության, տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությունը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ շրջափակման պայմաններում այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ուժերով:

Լուսանկարը՝ Գոհար Սարգսյանի
Լուսանկարը՝ Գոհար Սարգսյանի

«Կոռնիձոր-Արցախ հատվածում, հենց Լաչինի միջանցքում ադրբեջանցիները տեղադրում են հսկիչ անցագրային կետ։ Սա նոր կամրջի այն հատվածն է, որ պիտի շահագործվեր։ Այստեղով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցնում, այսպիսով՝ ադրբեջանցիները կկարողանան ստուգել Արցախ մտնող յուրաքանչյուր բեռ։ Այսինքն՝ այն, ինչը ոչ բացահայտ էին անում ու բացում մեքենաները, հիմա, ըստ ադրբեջանցիների՝ օրինականացրել են այդ գործընթացը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Սա 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտումն է, հավելել են Արցախից, նաև նշել, որ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։

«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և իշխանությունների համապատասխան անելիքները:

«Այս քայլին գնալու համար Ադրբեջանն արհեստականորեն օգտագործեց իր 3 զինծառայողների` ականի վրա պայթելու հանգամանքը, որն Ադրբեջանը երեկ մատուցում էր որպես «Հայաստանի իրականացրած ահաբեկչություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Աբրահամյանը։

Այսօր ավելի վաղ Բաքուն մեղադրել էր հայկական կողմին Լեռնային Ղարաբաղ «ռազմական բեռի տեղափոխման համար», «առանց համաձայնեցնելու անցակետ տեղադրելու», ինչպես նաև ականներ տեղադրելու համար՝ նշելով, որ դրա հետևանքով էլ երեկ պայթել է իր բեռնատարը։ Հայկական կողմը բազմիցս է հերքել Արցախ զենք և զինամթերք տեղափոխելու հայտարարությունները։ Կեսգիշերին էլ հերքել էր ականներ տեղադրելու մասին հայտարարությունը։

Ըստ Արցախի արտաքին գործերի նախարարության՝ վերջին հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը՝ հող նախապատրաստել Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար:

XS
SM
MD
LG