Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի մասնագիտացված բուժհաստատություններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախի շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստան:
«Չկայացած ուղերթում է նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում: Չեղարկված տեղափոխման մեկ այլ դեպք առնչվում է 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու», - տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը։
Ադրբեջանցիները կիրակի օրվանից փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։
Ռուսական խաղաղապահները զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ շարունակում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։