Մատչելիության հղումներ

Պետք է լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի հակառակորդին սադրանքներ չհրահրել. Արման Սարգսյան


Աշխարհը չպետք է հանդուրժի ևս մեկ ցեղապսպանություն, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախն ու Հայաստանը կապող ճանապարհի՝ Հակարի գետի կամուրջը փակելով և անցակետ տեղադրելով արդյոք Ադրբեջանը չի՞ նախապատրաստվում նոր սադրանքների։

Ռազմական գերատեսչությունը ներկայացնող Սարգսյանը նոր էսկալացիայի հավանականությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց. - «Ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն լինենք»։

«Ազատության» դիտարկմանը, որ այսօր աշխարհից կտրված 120 հազար արցախցիներ փաստացի կանգնած են նոր ցեղասպանության վտանգի առջև, ինչի մասին պարբերաբար ահազանգում է երկրի վարչապետը, և արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ քայլ անո՞ւմ է՝ կանխելու այն, փոխնախարարը միայն ասաց՝ պետք է հզորանալ և թելադրել հակառակորդին։

«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հզորանանք, պետք է լինենք կուռ, միասնական և լավ, արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել և այսպես շարունակ, իսկ աշխարհը պետք է չհանդուրժի որևէ երկրորդ ցեղասպանություն, միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ճիշտ արձագանքի, և դրանով կանխվեն հետագա ազգերի նկատմամբ…», - ասաց նա։

Հարցին, թե կոնկրետ քայլեր հիմա անո՞ւմ են, Արման Սարգսյանն արձագանքեց. - «Իհարկե, անում ենք, և դրանց արդյունքները, հույս ունեմ, շոշափելի կլինեն»։

XS
SM
MD
LG