Գյուղամիջում հավաքված մեծմանթաշցիների ամենօրյա զրույցներին վերջերս մի ցավոտ թեմա էլ է ավելացել. համագյուղացիներից մեկը վերջերս զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմում։ 41-ամյա Արմանին անցած ամիս են հուղարկավորել գյուղում։
«Էս վերջերս եղավ դեպքը։ Տղեն գնացել էր Օրենբուրգից ինքը, մեր գյուղի տղա երեխա էր։ Օրենբուրգից գնացել էր կամավոր ամսի 2-ին հունվարի, ամսի 4-ին զոհվել էր։ Մարտի մեջը նոր բերեցին իրան, հուղարկավորեցին», - ասաց զոհվածի համագյուղացիներից մեկը։
Թե ինչու է մեծմանթաշցին որոշել կռվել պատերազմում, պարզել չհաջողվեց, նրա հարազատները գյուղում չէին։
Այս շաբաթ «Ազատությունը» հաղորդել էր ռուս-ուկրաինական պատերազմում զոհված Հայաստանի ևս մեկ քաղաքացու մասին։ 27-ամյա գյումրեցի Գևորգ Մարգարյանը, որ Սիբիրի բանտերից մեկում պատիժ էր կրում, հարազատների համար անհայտ պայմաններում կալանավայրից հայտնվել էր հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Դոնեցկում ու այնտեղ զոհվել։ Երեք ամիս առաջ զոհված տղամարդու դին Ռուսաստանի իշխանությունները անցած շաբաթ էին վերադարձրել Գյումրիում բնակվող հարազատներին։
Չնայած այս մտահոգիչ տեղեկություններին, 64-ամյա կռունկավար Վաղարշակ Սուքոյանը մտմտում է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Մարիուպոլ արտագնա աշխատանքի գնալու մասին։ Մոտ 2500 բնակիչ ունեցող գյուղում տղամարդկանց մեծամասնությունը սովորաբար այս սեզոնին արտագնա աշխատանքի է մեկնում։
«Դրանց հետ ես էլ պտի գնայի։ Պետք է աշխատեի չորս ամիս Յակուտսկում, հետո շինարարկան աշխատանքները պետք է շարունակեն Մարիուպոլում։ Եթե իմ ուզած գինը տան կգնամ, եթե չէ՝ չէ», - «Ազատությանն» ասաց Սուքոյանը։
Նախկին զինվորականն ասում է, որ իրեն առաջարկել են միանալ Մարիուպոլում վերականգնողական աշխատանքներին մասնակցող խմբի։ Աշխատանքի առաջարկն անողները Ռուսաստանում բնակվող հայեր են, որոնք Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտներ տանելու երկարամյա փորձ ունեն։
Հարցին, թե արդյոք չի վախենում մեկնել պատերազմի գոտի, տղամարդն արձագանքեց. - «Չէ։ Այ մարդ, Հայաստան ավելի մեծ պատերազմ է, մեր սահմանները ավելի վտանգավոր է, քան թե Ռուսաստան։ Բայց Էն, ինչ կապված է շինարարության հետ, էդ խոմ... ռազմական գործողությունների գոտում ո՞վ շինարաություն կանի»:
Մեծ Մանթաշում մարդիկ դժգոհում էին, որ իրենց կարտոֆիլից ու գազարից նորմալ եկամուտ չեն ստանում, դրա համար էլ խոպան գնալու տարբերակից դեռ չեն կարող հրաժարվել։ Բայց դա էլ լուծում չէ, ռուբլու փոխարժեքն այնքան է նվազել, որ, օրինակ, Վարդան Նարիմանյանը դեռ սպասում է ավելի լավ ժամանակների. - «Նաղդի էս տարի սրտովս գործեր չկան։ Հետո էլ փողը որ էն չէ։ Եսիմ, նայենք էլի։ Ծանոթներ շատ ունիմ զանգել են, կանչել են, բայց ըսել եմ, որ առայժմս չէ»։
Վիկտոր Չախոյանն էլ չի պատրաստվում խոպան գնալ. - «Էրթալու իմաստ պըտի էղնի։ 50 հազար ռուբլին կենի 200 քանի հազար դրամ, էդորով էլ ամսվա կտրվածքով ընտանիքդ չես կարա պահես, չես կարա գոյատևես»։
20 տարի արտագնա աշխատանքով տունը պահած Չախոյանն ասում է, թե Ռուսաստան գնալու մասին կմտածի, եթե փոխարժեքը բարձրանա։
Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով, անցած տարի մոտ 15 տոկոսով նվազել է այդ երկիր մեկնող հայաստանցի աշխատանքային միգրանտների թիվը։ Եթե 2021-ին Հայաստանի մոտ 390 հազար քաղաքացի է աշխատանքի նպատակով մուտք գործել Ռուսաստան, ապա անցած տարի՝ 332 հազարը։
Իրավապաշտպանները պարբերաբար զգուշացնում են աշխատանքային միգրանտներին, որ պատերազմող ու պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանում նրանց իրավունքները ավելի հաճախ կարող են խախտվել ու չվերականգնվել։