Մատչելիության հղումներ

«Հայը առանց դրսի ստեղ չի կարա ապրի». բասենցիները ՌԴ՝ արտագնա աշխատանքի մեկնելու մտադրությունից չեն հրաժարվել


Բասենցի Աշոտ Վիրաբյանը քանի դեռ խոպան չի գնացել, տան գործերով է զբաղվում. կինը լավաշն է թխում, ինքն էլ ջուրը ցողում։

Վիրաբյանը վարորդ է։ Ասում է՝ չավարտվող ռուս-ուկրաինական պատերազմը նաև իր պես հազարավոր աշխատանքային միգրանտների վրա է բացասաբար ազդել։ Շարունակվող անորոշության պայմաններում գործարարները զգուշանում են Ռուսաստանում ներդրումներ անելուց, հետևաբար խոպանչիները դժվարությամբ են գործ գտնում։

«Հիմա շատ է դժվարացել, սաղ սեփական են գործ անողները, իսկ ով ներ է դնում գումար, էդ վախենում է», - նշեց նա:

Այսքանով հանդերձ, 60-ամյա տղամարդը խոպան գնալու մտադրությունից չի հրաժարվել. - «Էլի մեր հայերի համար խոպանը մնացել է խոպան, մեր հայը առանց դրսի ստեղ չի կարա ապրի»:

Տեղում, ասում է, փորձել է աշխատանք գտնել, բայց վարձատրությունը քիչ է։ «Հողից էլ չնչին եկամուտ ենք ստանում, վարկերս ինչով փակեմ», - հարցնում է նա:

Մոտ 1400 բնակիչ ունեցող Բասենում չկա մի տուն, որ խոպանչի չունենա։ 36-ամյա Արկադին 15-րդ տարին է, որ Ռուսաստանի ճամփան է բռնում։ Ի տարբերություն համագյուղացու, երիտասարդ տղամարդն ասում է, թե ռուս-ուկրաինական պատերազմը դեռ իր գործի վրա չի ազդել։

«Տվյալ քաղաքը, որտեղ մենք աշխատում ենք, հլը որ չենք զգացել պատերազմից փոփոխություն կա-չկա: Կարող է էս տարի արդեն երկար ժամանակ է՝ գնում է պատերազմը, հիմա փոփոխություն զգանք», - ասաց Արկադին:

Վոլոդյա Խառատյանը ևս տարիների խոպանչու ստաժ ունի։ Նա էլ է դժվարություններից խոսում. «Գործն է քիչ, մասնավորը շատ գործ չի անում, պատերազմից են վախենում, մեր մոտ էլ էս ռուսական ընկնելն է»:

Աշխատանքային միգրանտների իրավունքներով զբաղվող փորձագետները դեռ անցած տարվանից էին խոպան մեկնողներին զգուշացնում, որ պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանում նրանց իրավունքները հնարավոր է ոտնահարվեն, միգուցե գործատուները չկարողանան վճարել աշխատանքի դիմաց:

Բասենցի տղամարդիկ հակադարձում են՝ ուզում են մնալ ու Հայաստանում աշխատել, բայց վաստակածը չի հերիքում, տուն չեն կարողանում պահել։ Դրա համար էլ ընտրում են իրենց համար ավանդական դարձած տարբերակը՝ անորոշ վիճակը մի կողմ են դնում ու նորից խոպան գնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG