Ռուսաստանի միգրացիոն ֆեդերալ ծառայության տվյալներով՝ անցած տարի մոտ 15 տոկոսով նվազել է այդ երկիր մեկնող հայաստանցի աշխատանքային միգրանտների թիվը։ Եթե 2021-ին Հայաստանի մոտ 390 հազար քաղաքացի է աշխատանքի նպատակով մուտք գործել Ռուսաստան, ապա անցած տարի՝ 332 հազարը։ Զուգահեռ աճել է միգրացիոն հաշվառումից հանվածների թիվը։
«Հայկական Կարիտասի» միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը սա բացատրում է ինչպես պատերազմով, այնպես էլ ռուսաստանյան միգրացիոն օրենսդրության վերջին խստացումներով. «Ես ավելի քան վստահ եմ, որ միգրացիոն հաշվառումից հանելու թվերի այս աճը հենց պայմանավորված է վերջին փոփոխությամբ օրենսդրության, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ավելի մեծ թվով միգրացիոն հաշվառումից հանվել են, հետևաբար նաև աճելու է մուտքի արգելք ունեցողների թիվը»:
Նոր կանոններով աշխատանքային միգրանտը 30 օր ժամանակ ունի Ռուսաստանում միգրացոն հաշվառման կանգնելու համար, զուգահեռ պետք է բուժզննում անցնի ու մատնահետք հանձնի։ Ուշացնելու դեպքում չեղարկվում է միգրացիոն հաշվառումը, և Ռուսաստանի տարածքում մնալը անօրինական է համարվում։ «Հայկական Կարիտասի» միգրացիոն ծրագրի փորձագետն ասում է՝ որքան շատ են անօրինական մնում, այնքան ավելի երկարում է Ռուսաստան մուտքի արգելքը։
«Միգրացիոն հաշվառման կանգնում են 90 օր ժամկետով, բայց եթե 30 օրվա ընթացքում չեն հասցնում անցնել բուժզննում և հանձնել մատնահետք, ապա նրանց միգրացիոն հաշվառումը չեղարկվում է, և որքան երկար է մարդը առանց միգրացիոն հաշվառման գտնվում ՌԴ-ում, այնքան երկար է տևելու նրա մուտքի արգելքի ժամկետը՝ 3-10 տարի ժամկետով», - ասաց նա:
Մեկ այլ փոփոխությամբ արդեն Ռուսաստանում գտնվող միգրանտների համար բուժզննության ու մատնահետք հանձնելու վերջնաժամկետը հունվարի 10-ն էր սահմանվել։ Փորձագետն ասում է՝ միգրանտների մեծ մասն օրենքի չիմացության պատճառով կամ մտածելով, որ դա իրենց չի վերաբերվում, հայտնվել են անելանելի վիճակում։ Բեժանյանի խոսքով՝ օրենքը հետադարձ ուժ չունի, մարդիկ պետք է պարզապես վերադառնան։ Խորհուրդ չի տալիս զարտուղի ճանապահով մնալու փորձ անել, դա կարող է ազատազրկման հանգեցնել։
«Փորձել սահման հատել, փորձել անուն փոխել կամ այլ ճանապարհներ, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս մեր միգրանտներին չգնալ այդ քայլերին, որովհետև շատ արագ պարզում են և նույնականացնում են անձին, պարզում են, որ դա կեղծիք է, և այս դեպքում արդեն քաղաքացիներին սպառնում է քրեական պատիժ», - նշեց Տաթևիկ Բեժանյանը:
Ռուսաստանի տարածքում միգրանտների իրավունքների խախտումներով զբաղվող «Թոնգ Ջահոնի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկը այսօրվա ահազանգի մասին պատմեց. «Հենց այսօր դեպք ունեինք, երբ չեղարկել էին երիտասարդի միգրացիոն հաշվառումը, քանի որ նա ավելի վաղ՝ դեռ հոկտեմբերին, աշխատանքային պայմանագիրը խզել էր։ Հունվարին նրա միգրացիոն հաշվառումը չեղարկել էին, որի մասին ինքը նույնիսկ չգիտեր»։
Չնայած Ուկրաինա ներխուժումից հետո սահմանված պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը լուրջ վնասներ է կրում, իսկ իրավապաշտպանները պարբերաբար զգուշացնում են խոպանչիներին, որ նրանց իրավունքները այս պայմաններում կարող են ավելի շատ ոտնահարվել, այդուհանդերձ, շատ շիրակցիների համար Ռուսաստանը մնում է արտագնա աշխատանքի հիմնական ուղղությունը։ Հատկապես գյուղերում հողից քիչ եկամուտ ունենալու պարագայում նախընտրում են դրսում եկամուտ փնտրել։ Մեծ մասն ասում է՝ ստիպված է գնում։
Այսուհետ միգրանտները պետք է գումար վճարեն նաև բժշկական ապահովագրության համար։ Վճարելու են հիմա, բայց օգտվելու են 3 տարի անց. «Վճարում են սոցվճար, պարտադիր բժկական ապահովագրություն, չնայած որ երեք տարի չեն կարողանալու օգտվել պարտադիր բժշկական ապահովագրությունից, բայց պարտավոր են 3 տարի վճարել և միայն չորրորդ տարին գնալուց հետո կարող են էլի վճարել, բայց օգտվել պարտադիր բժշկական ապահովագրությունից: Սա անհասկանալի բան է»:
Հարկային բեռն ավելանում է՝ հասնելով 43,5 տոկոսի, ճիշտ այնքան, որքան Ռուսաստանի քաղաքացիների համար է։ Այս պայմաններում էլի՞ կկրճատվի դեպի Ռուսաստան հայաստանցի միգրանտների հոսքը, թե ոչ, առայժմ հստակ չէ։ Խոպանի սեզոնը նոր է բացվում։