69 կողմ, 0 դեմ ձայնով` Անահիտ Մանասյանն ընտրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան։
Մանասյանն Ազգային ժողովի ամբիոնից երդվեց՝ «պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները՝ հավատարիմ լինելով Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին»։
«Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ», - եզրափակեց Մանասյանը՝ ստանձնելով Պաշտպանի լիազորությունները։
Ընդդիմադիրներն այս պաշտոնում առաջադրել էին Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը, սակայն, նրա թեկնածությունն իշխանականները մերժեցին։
Այսօր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՄԻՊ պաշտոնում Մանասյանի ընտրության որոշումն առաջիկայում բողոքարկելու է դատարանում՝ որոշումը որակելով «հակասահմանադրական և անօրինական»։
34-ամյա Մանասյանն իրավաբան է, Գլխավոր դատախազությունում աշխատանքի է անցել ընդամենը չորս ամիս առաջ, նախկինում նաև Սահմանադրական դատարանում է աշխատել։
Խորհրդարանում նրա ընտրությանն հարցով երեկվա քննարկումը թեժ մթնոլորտում անցավ․ իշխանականները խոսում էին իրենց առաջադրած թեկնածուի առավելություններից՝ պնդելով, թե ճիշտ ընտրություն են կատարել, ընդդիմադիրներն էլ հակադարձում էին՝ համոզիչ չեն Մանասյանի պնդումները, թե քաղաքականացված չի լինելու ու բոլորին է պաշտպանելու։
Երեկ խորհրդարանի ամբիոնից Մանասյանը հավաստիացրեց, թե ամեն ինչ անելու է ատելության, բռնության մթնոլորտը ցրելու և համերաշխության միջավայրում հարցերը լուծելու համար։