Մատչելիության հղումներ

«Մհեր Սահակյանն ինքնապաշտպանվել է»․ Արթուր Խաչատրյանը՝ Սահակյան-Վարդանյան միջադեպի մասին


Մհեր Սահակյանի մոտ ուղղակի ինքնապաշտպանական բնազդն է խոսել, «Ազատություն» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով վերջերս Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Ըստ Խաչատրյանի՝ Սահակյանը դա դիտարկել է որպես իր վրա հնարավոր հարձակում և ինքնապաշտպանվել է։

Հարցազրուցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ըստ Գլխավոր դատախազի՝ Ձեր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը խուլիգանական դիտավորությամբ բռնություն է գործադրել, հարվածի փաստը չի հերքվում, ուրեմն ինչո՞ւ չպետք է պատժվի։

Արթուր Խաչատրյան․ - Իսկ ով ասաց, որ չպիտի պատժվի։ Նույն Մհեր Սահակյանն ինքը հայտարարություն է տարածել, ասել է՝ «դա եղել է ինքնապաշտպանություն», «եթե ես չափն անցել եմ, ես պատրաստ եմ պատժվել»։ Որովհետև, պատկերացրեք, տեղի է ունենում քննարկում, անցնում է բարձր տոնայնության, իր վրա բղավում են, ձեռքերը խփում են սեղանին, Վլադիմիր Վարդանյանը քայլ է անում, Մհեր Սահակյանն ի՞նչ պետք է կարծեր, որ Վլադիմիր Վարդանյանը մոտենում է իրեն սուրճի՞ հրավիրի։ Իրա մոտ ուղղակի ինքնապաշտպանական բնազդն է խոսում։

«Ազատություն»․ - Դատախազի ձևակերպմանը՝ կարծեցյալ պաշտպանություն, այսինքն՝ անհրաժեշտ պաշտպանության բացակայություն։

Արթուր Խաչատրյան․ - Դա իրենց մոտեցումն է։ Նույն Վահագն Ալեքսանյանը մոտեցավ և հարվածեց Վահե Հակոբյանին, Վահե Հակոբյանը չէր կարծել, որ պաշտպանությունն անհրաժեշտ է և չէր պաշտպանվել։ Հիմա դատախազության սցենարն ի՞նչ է, որ հանգիստ, հեզասահ քննարկում է տեղի ունենում, մեկ էլ հանկարծ Մհեր Սահակյանը վեր է կենում, գալիս է․․․

«Ազատություն»․ - Ո՛չ, բուռն քննարկում, բայց դրա համար իրավապահներին են կանչում, կարգի հրավիրում և ոչ թե տեղից վեր կենում և գնում խփում։

Արթուր Խաչատրյան․ - Լավ, թեկուզ լարված քննարկում, մեկ էլ հանկարծ Մհերը գնացել, մոտեցել և խփել է, հա՞։

«Ազատություն»․ - Կարգի են հրավիրել։

Արթուր Խաչատրյան․ - Ո՞վ է կարգի հրավիրել։

«Ազատություն»․ - Վլադիմիր Վարդանյանը՝ ըստ իրավապահների, նա նախագահում է նիստը։

Արթուր Խաչատրյան․ - Բայց իրավունք չունի ասի՝ «ոնց ուզեմ կվարեմ», դա մեկ, երկրորդը՝ նիստը նախագահելը չի ենթադրում վեր կենալ տեղից և քայլ անել։

«Ազատություն»․ - Ի դեպ, էդ դրվագի մասին էլ, ասում է՝ «արյան հետքերը, աթոռների տեղակայումը, չեն վկայում, որ նա տեղից վեր է կացել, հակառակը՝ Սահակյանն է մոտեցել»։

Արթուր Խաչատրյան․ - Առերեսման մեջ կան հակասություններ։

«Ազատություն»․ - Եթե Դուք արդարացնում եք։

Արթուր Խաչատրյան․ - Ի՞նչն եմ արդարացնում։

«Ազատություն»․ - Որ ասում եք՝ «լավ է արել, էլի կանի»։

Արթուր Խաչատրյան․ - Ո՛չ, ես տենց բան չեմ ասում։

«Ազատություն»․ - Դե, անունը դնում եք ինքնապաշտպանություն, բայց դա բռնություն է, հարված է։

Արթուր Խաչատրյան․ - Ես չեմ ասում՝ «լավ է արել, խփել է», ես ասել եմ՝ «Մհեր Սահակյանը դա դիտարկել է որպես իր վրա հնարավոր հարձակում և ինքնապաշտպանվել է»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Ազգային ժողովում՝ պետաիրավական հանձնաժողովի նիստում, բռունցքով հարվածել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին, երբ կողմերի բանավեճը թեժացել էր։ Սահակյանին դեպքից հետո խորհրդարանից ոստիկանները բերման ենթարկեցին։ Գլխավոր դատախազը երեկ Ազգային ժողովում Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց։ Աննա Վարդապետյանն առաջարկում է քրեական հետապնդում հարուցել խուլիգանության և առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով, իսկ սրա համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը։

Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG