Մատչելիության հղումներ

Մհեր Սահակյանն ազատ արձակվեց


Մհեր Սահակյանն ազատ է արձակվում, 3-ը ապրիլի, 2023թ․
Մհեր Սահակյանն ազատ է արձակվում, 3-ը ապրիլի, 2023թ․

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել։

ՀՅ Դաշնակցության անդամ Սահակյանը ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ իշխանական պատգամավորին հարվածելու համար և երեք օր էր՝ գտնվում էր Ձերբակալվածների պահման վայրում։

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ուրբաթ օրվա նիստի ժամանակ, ըստ ընդդիմադիրների, նախ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև քաղաքական քննարկումը թեժ լեզվակռվի էր վերածվել, ապա, ըստ իշխանական պատգամավորների, Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել էր հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին, իշխանականները դիմել էին իրավապահներին, Սահակյանը բերման էր ենթարկել ոստիկանության բաժին, ապա ձերբակալվել։

Վլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան

Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել: Նրան մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։

Ավելի վաղ Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել էր՝ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար Ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք պատգամավորին կզրկեն անձեռնմխելիությունից և քրեական հետապնդում կհարուցվի, Մելիքյանը պատասխանեց՝ դա արդեն դատախազությունը կորոշի, բայց մինչ այս պահը նման տեղեկություն իրենք չունեն։

XS
SM
MD
LG