Մատչելիության հղումներ

Վրաստանը քննադատում է 4 դատավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը


Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլի, արխիվ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլի, արխիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենին հասցեագրված նամակում գրել է, թե վրացի դատավորների նկատմամբ չհիմնավորված պատժամիջոցների սահմանումը կարող է վնաս հասցնել երկու երկրների բարեկամական հարաբերություններին:

Երեկ Միացյալ Նահանգները վիզաների տրամադրման սահմանափակումների որոշում է կայացրել Վրաստանի արրդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ: Որոշումը բացատրվում է այդ դատավորների ենթադրյալ կոռուպցիոն գործողություններով:

Ցուցակում հայտնվել են Միխայիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն:

Ըստ պետական քարտուղար Բլինքենի հայտարարության, «այդ պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները և դրանով խարխլել են օրենքի գերակայությունն ու հասարակության վստահությունը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ»:

Վաշինգտոնն արգելելու է ոչ միայն նշված չորս անձանց, այլև նրանց մերձավոր ազգականների մուտքը Միացյալ Նահանգներ:

«Բացարձակ անհասկանալի և անընդունելի է ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի կողմից դատավորների հանդեպ անհիմն մեղադրանք ներկայացնելու որոշումը: Հուսով ենք, որ Պետական դեպարտամենտը համապատասխան ապացույցներ կներկայացնի կամ կվերանայի այդ որոշումը: Հակառակ դեպքում Վրաստանի պետությունը և ժողովուրդը դա կդիտեն որպես ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա ճնշման բանեցում և դրա գործունեությանը կոպիտ միջամտություն, ինչը վնաս կհասցնի Վրաստանի և ԱՄՆ-ի բազմամյա բարեկամական հարաբերություններին», - ասվում է Բլինքենին հասցեագրված Դարչիաշվիլիի նամակում:

XS
SM
MD
LG