Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անհեթեթ և ապակառուցողական» է համարում ապրիլին Ռուսաստանի նախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Նրա խոսքով՝ դա ապացուցում է խորհրդում բարեփոխումների անհրաժեշտությունը։
«Դժվար է պատկերացնել մի բան, որն ավելի շատ ապացուցի նման հաստատությունների լիակատար սնանկությունը», - ասել է Զելենսկին երեկոյան ելույթում։
«Եվ չի լինի այնպիսի պատճառ, որը կդադարեցնի համաշխարհային ինստիտուտների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումները։ Բարեփոխում, որն ակնհայտորեն ուշացած է, որպեսզի ահաբեկչական պետությունը և ցանկացած այլ պետություն, որը ցանկանում է լինել ահաբեկիչ, չկարողանա կործանել աշխարհը», - նշել է Ուկրաինայի նախագահը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահությունը ապտակ է միջազգային հանրությանը»,- ավելի վաղ Թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը ստանձնում է ապրիլի 1-ից։ Կառույցը կոչված է ապահովել միջազգային խաղաղություն և անվտանգություն, դրա լիազորությունները ներառում են խաղաղապահ գործողությունների հաստատումը, միջազգային պատժամիջոցների սահմանում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Չինաստանը։