Մատչելիության հղումներ

«Պատկերացնում եք Կասկադում կախովի այգիներ լինեին, ինչքան գեղեցիկ կլիներ». Երևանի գլխավոր դենդրոլոգ


Երևանի գլխավոր դենդրոլոգ Արծվիկ Գրիգորյանի պատկերացմամբ՝ Կասկադի երկու կողմում կախովի այգիները գեղեցիկ կլինեին, բայց առայժմ ճապոնական սակուրաներով բացը կլրացնեն։

«Թամանյանական վարդագույն քաղաք, որ ասում էինք, սրանք էլ վարդագույն ծաղիկներով, բոսորագույն տրևներով, հաշվի ենք առել նաև, այո, գեղագիտական տեսքը», - ասաց Գրիգորյանը:

Որ թամանյանական վարդագույն ճարտարապետությունը լավ երևա, քաղաքապետարանը որոշել է Մոսկովյան փողոցի այս հատվածը՝ Կասկադի դիմացի մայթերի հացենիներն ու թեղիները արմատախիլ անել, ու դրանց փոխարեն սակուրաներ տնկել։ Երեկվանից Մոսկովյան փողոցում աշխատանքները եռում են։

Քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգ Արծվիկ Գրիգորյանն ասում է՝ ծառերից ազատվելու պատճառը նաև նրանց տարիքն է։ Ուսումնասիրել են Երևանի փողոցների ծառերը, գիտաժողով հրավիրել, քննարկել ու որոշել հրաժարվել հներից։ Ծառերը ծերացել էին, ասում է, սաղարթն էլ, թթվածինն էլ բավարար չեն:

«Արդեն ժամանակը եկել է, փուլ առ փուլ գոնե էդ ծերացած, տձև ծառերն աստիճանաբար փոխարինում ենք այլ ծառերով», - նշեց դենդրոլոգը:​

Այսօր արդեն նախկին հացենիների ու թեղիների տեղում 8-10 տարեկան սակուրաներն էին տնկում, որ 7- 8 մետր կբարձրանան։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Քրիստինա Վարդանյանն ասաց. - «Այնտեղ, որտեղ Կասկադն է, այնտեղ, որտեղ մենք ունենք մարդկային մեծ կուտակումներ, այդտեղ մտածել դեկորատիվության մասին, ես որպես առողջապահության ներկայացուցիչ գտնում եմ, որ այդքան էլ ճիշտ չի»:

Վարդանյանը, որ բժիշկ է՝ շրջակա միջավայրի առողջության մասնագետ, տարակուսում է քաղաքային իշխանության բացատրություններից։ Քաղաքների կանաչապատումը լուրջ գիտություն է, մինչև գեղեցկությունը նախ մարդկանց առողջության մասին են մտածում։ Շոգ ու փոշոտ փողոցների համար ընտրում են ծառեր, որ ստվեր ապահովի, մարդկանց պաշտպանի արևի կիզիչ ճառագայթներից, թթվածնի աղբյուր լինի։

«Թեղին ծառատեսակների մեջ ամենաուժեղ փոշեկլանող հատկանիշներից մեկն ունի որպես ծառատեսակ: Երկուսն էլ քաղաքում բանվոր ծառատեսակներ են, որոնք նախատեսված են փողոցային կանաչապատման համար», - ընդգծեց նա:

Երկու օր է՝ սոցիալական ցանցերում ծառահատումների թեմայով է աղմուկը։ Մարդիկ քննադատում են, որ պետական միջոցների հաշվին շոգ Երևանի փողոցներում սաղարթախիտ ծառերի փոխարեն դեկորատիվ ծառեր են տնկում։

«Էս հատվածում բավականին բանուկ տեղ է՝ Կասկադն է, տուրիստական շատ ակտիվություն կա, և բնականաբար շոգ քաղաքի համար պետք է հասկանալ, որ մենք ստվեր պետք է ստեղծենք», - ասաց Վարդանյանը:​

Մոսկովյան փողոցում՝ Կասկադի դիմաց նախատեսել են 46 սակուրա տնկել։ Քրիստինա Վարդանյանն ասում է՝ հատկապես այս տեսակը, որ քաղաքապետարանն ընտրել է, նախատեսված է պուրակների համար, ոչ թե մայթերի. - «Այս ծառը պետք է լինի պարտեզի ներսում ինչ-որ մի փոքրիկ հատվածում մշտադալարների հետ ինչ-որ ձևավորման մեջ և ինքն արտակարգ կկատարի իր դեկորատիվ ֆունկցիան: Փողոցը դեկորատիվության մասին չէ»:

Երևանի կենտրոնում ծառահատումները կշարունակվեն։ Քաղաքապետարանի սև ցուցակում են Ֆրանսիայի հրապարկից Տերյան ձգվող ծառերը։ Այստեղ ճապոնական գույներ չեն լինի։ Մելիք Ադամյանի ու Ամիրյանիի թեղիներն էլ կկտրեն, փոխարենը գնդաձև թեղիներ կտնկեն:

«Հրապարակի մյուս հատվածից, Ամիրյանից սկսած դեպի Մաշտոց, բայց Մաշտոց չենք հասնի, էդ հատվածն էլ ծառերը կտրելու ենք, դնելու ենք գնդաձև թեղիներ», - ասաց Արծվիկ Գրիգորյանը:

Կենտրոնի ծառերը հատելուց ու նորերը տնկելուց հետո կանցնեն մասշտաբային ծրագրերի, ասում է Քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Ապրիլին էլ Եռաբլուրում ծառեր կտնկեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG