Մատչելիության հղումներ

Թուրքիայում, եթե ընդդիմությունը գա իշխանության, կարող է Հայաստանի առջև դրվող նախապայմաններն ավելի փափուկ լինեն․ Սաֆրաստյան

Թուրքիայում, եթե ընդդիմությունը գա իշխանության, հնարավոր է նախապայմանները, որ դրվում էին Հայաստանի դեմ, ավելի ճկուն, ավելի փափուկ լինեն, «Ազատության» հետ զրույցում ասաց արևելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրասատյանը։

Ընգծելով, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան մեծ կորուստն է կրել, լայնածավալ վերականգնողական աշխատանքներ են հարկավոր, պաշտոնական հաշվարկներով ծախսերը կկազմեն 100 մլրդ դոլար և նույնիսկ ավելի՝ Սաֆրաստյանը նկատեց՝ ակնհայտ է, որ Թուրքիան իր ուժերով չի կարողանա այդ հետևանքները հաղթահարել և անհրաժեշտ կլինի արտասահմանից կապիտալի ներդրում։

Ըստ թուրքագետի՝ դա կլինի հիմնականում ամերիկյան կապիտալը և կնշանակի, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը Թուրքիայի վրա կուժեղանա։

«Մյուս կողմից, ընդդիմությունն, ինչպես արդեն ակնհայտ է, վայելում է Արևմուտքի և ԱՄՆ-ի բարյացակամ վերաբերմունքը, և եթե այս հանգամանքները մենք ի մի բերենք, ապա, իմ կարծիքով, եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա սկզբունքորեն չփոխելով մոտեցումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով, այսինքն՝ այն նախապայմանները, որ դրվում են Թուրքիայի կողմից, պահպանելով այդ նախապայմանները, այն գինը, որ պետք է Հայաստանը վճարի, կարող է այդ գնի մեջ որոշակի փոփոխություններ լինեն, եթե փոխաբերական առումով ասենք, ավելի ճկուն լինի, ավելի փափուկ լինի, ավելի քիչ գին պահանջի Թուրքիան Հայաստանից», - եզրափակեց Սաֆրաստյանը։

Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն որոշակի առավելություն ունի գործող նախագահ Էրդողանի նկատմամբ։

Ռուբեն Սաֆրաստյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG