Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Ռեջեպ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը համարվող Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր երկրի խորհրդարանում հանդիպել է քրդական փոքրամասնության շահերը ներկայացնող Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամների հետ։
«Ընդդիմադիր վեց կուսակցությունների կողմից առաջադրված Քըլըչդարօղլուն Ազգային մեծ ժողովում հանդիպում է քրդական կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանի և Միթհատ Սանջարի հետ», - հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ ընդդիմադիր դաշինքը փորձում է ստանալ քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության աջակցությունը, քանի որ քաղաքական այդ ուժի դիրքորոշումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դեպքում կարող է որոշիչ լինել։
Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն՝ քրդական կուսակցության վարկանիշը տատանվում է 10-ից 12 տոկոսի միջակայքում։