Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմությունը հրապարակեց իր միասնական թեկնածուի անունը


Մայիսի 14-ի ընտրություններում Ռեջեպ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակցի անունը հրապարակվեց երկուշաբթի ուշ երեկոյան՝ ընդդիմադիր դաշինքի մեջ մտնող վեց կուսակցությունների առաջնորդների մի քանի ժամ շարունակված դռնփակ հանդիպումից հետո։

«Այսօր կայացած մեր քննարկումից հետո ես իմ պարտքն եմ համարում տեղեկացնել ձեզ, որ նախագահի մեր թեկնածուն Քեմալ Քըլըչդարօղլուն է»,- տանտիրոջ իրավունքով հայտարարեց ընդդիմության ղեկավարների երեկվա հանդիպումը հյուրընկալած ուժի՝ ոչ մեծ իսլամիստական «Սաադեթ» (Երջանկության) կուսակցության առաջնորդ Թեմել Կարամոլլաօղլուն։

Գլխավոր ինտրիգը, սակայն, ոչ այնքան ընդդիմության միասնական թեկնածուի անձն էր (Քըլըչդարօղլույի առաջադրման անխուսափելիության մասին խոսում էին դեռ շաբաթներ առաջ), որքան դաշինքում ընդգրկված մեծությամբ երկրորդ ուժի՝ «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեների պահվածքը։ Անցած շաբաթավերջին Աքշեները մեծ աղմուկով լքել էր ընդդիմադիր «Վեցի ձևաչափը»՝ պնդելով, թե Էրդողանի դեմ առաջիկա ընտրություններում պետք է պայքարեն կամ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կամ էլ նրա կուսակից, նույնպես ժողովրդահանրապետական, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։

Երկուսն էլ, ըստ Աքշեների, շատ ավելի մեծ ժողովրդականություն են վայելում թուրք հանրության շրջանում, քան Քեմալ Քըլըչդարօղլուն։ Դա, ի դեպ, հաստատում են նաև վերջին մեկ տարում Թուրքիայում անցկացված գրեթե բոլոր սոցհարցումները։

Նախօրեին, սակայն, երկու ընդդիմադիր քաղաքապետերը այցելեցին «Լավ կուսակցության» գրասենյակ՝ խնդրելով Աքշեներին վերանայել իր դիրքորոշումը։ Մի քանի ժամ շարունակված բանակցություններից հետո կողմերն ի վերջո եկան հետևյալ փոխզիջումային լուծմանը: Մերալ Աքշեներն իր կուսակիցների հետ միասին վերադառնում է ընդդիմադիր դաշինք, իսկ Քըլըչդարօղլուն պարտավորվում է ընտրություններում հաղթելու դեպքում Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերին նշանակել փոխնախագահի պաշտոններում։ Փոխնախագահի պաշտոններ են խոստացվել նաև ընդդիմադիր դաշինքին մաս կազմող բոլոր կուսակցությունների առաջնորդներին։ Այլ հարց է, սակայն, որ այդ պաշտոնները ընդդիմության հաղթանակից շատ չանցած կարող են զուտ խորհրդանշական բնույթ ստանալ։ Բանն այն է, որ ընդդիմության նախընտրական ծրագրի առանցքային կետը անցումն է կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին։

«Որպես «Ազգային դաշինքի» մաս կազմող քաղաքական ուժերի ղեկավարներ՝ մենք արդեն իսկ համաձայնեցրել ենք խորհրդարանական համակարգի ամրապնդման ճանապարհային քարտեզը», - երեկ հայտարարել է Քեմալ Քըլըչդարօղլուն։

Թուրքական ընդդիմությունը, սակայն, առայժմ չի հստակեցնում այդ ճանապարհային քարտեզի կյանքի կոչման ժամկետները՝ նշելով միայն, որ կառավարման համակարգի վերափոխումների ընթացքում վերականգնվելու է 2017-ի սահմանադրական փոփոխությունների հետևանքով չեղարկված վարչապետի պաշտոնը։ Ընդդիմությունը հաղթանակի դեպքում պատրաստվում է նաև զգալիորեն կրճատել նախագահի լիազորությունները՝ ապակուսակցականացնելով այն և պետության ղեկավարին առավելապես իշխանության տարբեր թևերի և քաղաքական ուժերի միջև արբիտրի դեր վերապահելով։ Այս ամենը, սակայն, իրականություն կդառնա միայն ընդդիմության հաղթանակի դեպքում։ Առայժմ իշխանության բոլոր լծակները նախագահ Էրդողանի ձեռքում են, որն, ի դեպ, չի շտապում մեկնաբանել ընդդիմության ներսում վերջին օրերին ծավալված իրադարձությունները։

Փոխարենը նրա գլխավոր քաղաքական դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևեթ Բահչելին այսօր կայացած խմբակցության նիստի ընթացքում կոշտ քննադատություն հնչեցրեց նախ և առաջ «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեների հասցեին՝ ընդդիմադիր դաշինքը լքելու, ապա կրկին դրա շարքերը վերադառնալու համար։

«Մեկ անգամ դավաճանողը կդավաճանի երկրորդ անգամ, կդավաճանի կրկին ու կրկին», - ասել է Բահչելին։

Ազգայնականների առաջնորդի նման կոշտ վերաբերմունքը «Լավ կուսակցության» առաջնորդի հանդեպ պատահական չէ։ Մերալ Աքշեները նախկինում հենց Բահչելիի կուսակցության ղեկավար անդամներից մեկն էր և «Ազգայնական շարժումը» լքել էր 2016 թվականին՝ քաղաքական այս ուժը դնելով պառակտման եզրին։

Աքշեների հետ հարաբերությունները ընդդիմադիր դաշինքի միակ պրոբլեմը չեն։ Եվս մեկ խնդիրը, որի լուծումը ընդդիմադիրները պետք է գտնեն արդեն առաջիկա շաբաթներին, քրդականն է։

«Ինչպե՞ս վարվել Թուրքիայի բնակչության գրեթե 20 տոկոսը կազմող քրդերի և նրանց քաղաքական ներկայացուցիչը հանդիսացող Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության հետ»,- այս հարցն ընդդիմադիրների առջև ողջ լրջությամբ ծառացավ երեկ, երբ քրդական կուսակցության ղեկավար անդամներից մեկը՝ Միթհադ Սանջարը, Haberturk հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությունը կարող է պաշտպանել Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։

«Մենք պատրաստ ենք հանդիպել նրա հետ։ Մեր բոլորիս ուզածն էլ նույնն է՝ ժողովրդավարություն, ազատություն, արդարություն, ուստի մենք ցանկանում ենք խոսել այդ սկզբունքների մասին», -նշել է քուրդ գործիչը։

«Նման նախաձեռնությունը փոքր-ինչ վաղաժամ է», - Reuters-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներից մեկը՝ խոստովանելով, որ քրդերի համագործակցության առաջարկը ընդդիմադիր դաշինքից կարող է վանել ազգայնական ընտրազանգվածին։ «Այս ամենը մանրակրկիտ հաշվարկ է ուզում, քանի որ կարող է այնպես ստացվել, որ ասենք՝ քրդերի աջակցության շնորհիվ ավելացող քվեները լինեն նույնքան, որքան մենք կորցնելու ենք բնակչության ազգայնական հատվածից՝ այդ նույն քրդերի հետ համագործակցելու պատճառով», - նշել է Reuters-ի աղբյուրը։

XS
SM
MD
LG