Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Հայաստանից դեպի Ղարաբաղ ռազմական բեռնափոխադրումները շարունակվում են՝ օգտագործելով այլընտրանքային գրունտային ճանապարհները։
Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ գիշերային ժամերին և մառախլապատ եղանակին մարտական դիրքեր են տեղափոխում կենդանի ուժ, զինամթերք, ականներ, ինչպես նաև վառելիք, ջուր, սնունդ ու նյութատեխնիկական ապահովման այլ միջոցներ: Բացի այդ, Բաքուն պնդում է, որ ռազմական բեռնափոխադրումների նպատակով օգտագործվում են նաև քաղաքացիական մեքենաները։
«Տարածաշրջանում հնարավոր լարվածության ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ընդգծել է Բաքուն։
Պաշտոնական Երևանն այս հաղորդագրությունը դեռ չի մեկնաբանել, հայկական կողմը, սակայն, բազմիցս է հերքել Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումները։