Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը Ուկրաինայի վրա գրոհել են կառավարվող ավիահրթիռներով


Անցած գիշերը ռուսական ուժերը կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ կառավարվող ավիահրթիռներ, հարվածային անօդաչուներ, զանգվածային հարձակումներ են գործել Ուկրաինայի վրա՝ Օդեսայից սկսած մինչև հյուսիս-արևելյան շրջաններ։ Ուկրաինական ութ մարզեր ռուսական ուժերի օդային հարվածների տակ են ընկել։

Ուկրաինայի պաշտպանական ուժերի և անվտանգության պաշտոնական կայքի՝ Military Media Center-ի հաղորդագրության համաձայն՝ առնվազն ինը խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել են։

Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում հրթիռն ընկել է ռմբապաստարանի վրա՝ երեք կին է զոհվել; Փլատակների տակից հաջողվել է երկու տղամարդու ողջ դուրս բերել։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության աշխատակից Դմիտրի Կիրդյապկին։

Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը այսօր առավոտյան ներկայացնելով ռուսական ուժերի օդային հարձակման որոշ մանրամասներ, ասել է, որ հրթիռակոծությունները սկսվել են երեկ երեկոյան՝ Օդեսայի մարզի վրա Սև ծովից հրթիռներ է արձակել Su-35 կործանիչը։ Հակաօդային պաշտպանությանը հաջողվել է X-59 տեսակի երկու հրթիռ ոչնչացնել։ Այնուհետև գրոհը շարունակվել է հյուսիսում, Su-35 նորագույն տասը կործանիչներ Սումիի մարզի վրա գրոհել են կառավարվող հրթիռներով։ Նա նշել է, որ կառավարվող ավիահրթիռները մեծ հեռահարություն ունեն, կործանիչները գրոհել են հեռվից, չմտնելով հակաօդային պաշտպանության գոտի։ Նա հայտնել է, որ ռուսական ուժերը նաև հակառադարային X-31 հրթիռ և իրանական «Շահեդ» հարվածային անօդաչուներ են կիրառել, հարձակվելով հյուսիսում ու Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա։

Ցամաքային մարտական գործողությունների մասին հաղորդագրություններ կան Ավդեևկայի ուղղությամբ ընթացող կատաղի մարտերի մասին։ Ավդեևկան Դոնեցկից հյուսիս ընկած քաղաք է։ Ըստ ռազմական փորձագետների, հնարավոր է ռուսական հրամանատարությունը Ավդեևկան նոր նպատակակետ է ընտրել։

Ըստ նրանց դիտարկումների, Բախմուտում ռուսական զորքերի ակտիվությունը նվազել է, ենթադրվում է որոշ ստորաբաժանումներ տեղափոխվել են Ավդեևկայի վրա հարձակումն ուժեղացնելու համար։

Ամեն դեպքում Բախմուտը ռազմաճակատի ամենաթեժ կետերից է, կիսաշրջափակված քաղաքում ուկրաինացիները շարունակում են դիմադրությունը, ռուսական ուժերի առաջխաղացումների մասին հաղորդվում է, որ նրանք որոշ հատվածներում շատ քիչ առաջ են գնում։

Անցած չորեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բախմուտի ուղղությամբ առաջնագիծ էր այցելել։ Հաջորդ օրը բրիտանական ռազմական հետախուզության ամփոփագրում նշված էր, որ ուկրաինական ուժերը Բախմուտից արևմուտք հակահարձակման լոկալ գործողությունների են դիմել։

Ուկրաինական ուժերի ակտիվություն նկատվում է Զապորոժիեի ուղղությամբ և Խերսոնի շրջանում, որտեղ հավելյալ ստորաբաժանումներ են տեղափոխվում։ Այս մասին հաղորդում են ռուսական աղբյուրները։

Ռազմաճակատի այս հատվածը համարվում է ուկրաինական ուժերի հակահարձակման հավանական ուղղությունը, գուցե նաև այն պատճառով, որ այստեղ ամենակարճ տարածությունն է կտրելու Ղրիմը Դոնեցկի մարզին ու Ռուսաստանին միացնող ցամաքային գոտին, որ պատերազմի սկզբին ստեղծել են ռուսական ուժերը, գրավելով Ազովի առափնյա շրջանները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում Եվրամիությունից ավելի մեծ աջակցություն է խնդրել՝ զենքից մինչև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում և Եվրամիությանը Ուկրաինային անդամակցելու բանակցություններ։ Բախմուտից հետո Ուկրաինայի արևելքում նա շարունակել էր այցը, գնացքով մեկնել էր ազատագրված Խերսոնի ու Խարկովի մարզեր ու գնացքում գտնվելու ժամանակ ուղերձով դիմել էր Բրյուսելին, որտեղ այսօր ավարտվում է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։

«Այս պահին, երբ մարտի դաշտում յուրաքանչյուր ժամը հաշվի վրա է, Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրելու ձգձգումները արդեն զգացվում են։ Մենք չենք կարողանում հետ մղել ռուսական տեռորիստների դիրքերը, մասնավորապես Խերսոնից, Զապորոժիեից, մեր մյուս քաղաքներից, որոնք մշտապես հրթիռակոծվում են ռուսական հեռահար հրթիռներով», - ասել է Զեկենսկին, ով արդեն վերադարձել է Կիև։

Ավելի վաղ Սլովակիան հայտնել էր, որ իր զինանոցում գտնվող ռուսական արտադրության ռազմական օդանավերը տրամադրելու է Ուկրաինային։ Ըստ վերջին լուրերի՝ MiG-29 չորս կործանիչներ արդեն փոխանցել է Ուկրաինային, ևս ինը կործանիչ փոխանցելու է առաջիկա շաբաթների ընթացքում։

XS
SM
MD
LG