Մատչելիության հղումներ

Օսթինը և Շոյգուն քննարկել են Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը


ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն:
ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն:

Մարտի 15-ին հեռախոսով զրուցել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ռուսները հայտնել են, որ նախարարներն անդրադարձել են Սև ծովի օդային տարածքում մարտի 14-ի առավոտյան տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ռուսական երկու կործանիչների գործողությունների հետևանքով ամերիկյան անօդաչու է ոչնչացվել:

Շոյգուն պաշտոնակցին ասել է, թե միջադեպի պատճառն այն է, որ ամերիկյան ԱԹՍ-ն մտել է ռուսների կողմից սահմանված թռիչքների արգելման գոտի: Շոյգուն նաև պնդել է, թե «Ղրիմի ափերի մոտ ամերիկյան անօդաչուների հայտնվելը սադրիչ բնույթ է կրում և սրում է իրավիճակը»:

Նախարարների զրույցից հետո հեռախոսով խնդիրը քննարկել են նաև ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարք Միլլին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գենելալ Վալերի Գերասիմովը:

Մարտի 15-ին ավելի վաղ Պենտագոնը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել «ռուս օդաչուների անխոհեմ և ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով»:

Ըստ Պենտագոնի, «ամերիկացիները շարունակելու են թռիչքները Սև ծովի միջազգային տարածքում»:

XS
SM
MD
LG