Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է վարչապետի Կիև այցի մասին տեղեկությունը։ Ֆումիո Կիշիդան այսօր Հնդկաստանից ժամանում է Ուկրաինայի մայրաքաղաք։
Նախարարության տվյալներով՝ Կիշիդան Կիև այցելելու հրավեր է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։
«Վարչապետ Կիշիդան նախագահ Զելենսկուն կհայտնի իր հարգանքը ուկրաինացի ժողովրդի արիության և տոկունության նկատմամբ, որը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու իր հայրենիքը», - ասվում է ուղերձում։
Ուկրաինայից Ճապոնիայի վարչապետը կմեկնի Լեհաստան:
Ներկայումս Ճապոնիան նախագահում է Մեծ յոթնյակում: Մայիսին Հիրոսիմայում կկայանա G7-ի գագաթնաժողովը, որին, ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները, նախատեսում են հրավիրել Ուկրաինայի նախագահին։