Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնբասի Մարիուպոլ քաղաք, որը ռուսական զինված ուժերը անցած տարվա գարնանն են վերցրել վերահսկողության տակ:
Այսօր վաղ առավոտյան Կրեմլի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ժամանել է ուղղաթիռով, ապա ավտոմեքենայով շրջել է քաղաքի շրջաններով, ղեկին ինքն է եղել: Նա դիտել է մի շարք օբյեկտներ, զրուցել տեղացիների հետ:
Փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը ներկայացրել է Մարիուպոլի և արվարձանների շինարարության ու վերականգնման աշխատանքների ընթացքը: Խոսք է եղել, մասնավորապես, նոր բնակելի թաղամասերի, կրթական և սոցիալական օբյեկտների շինարարության մասին:
Խուսնուլինը հայտնել է նաև, որ Մարիուպոլը Դոնեցկին կապող ավտոմայրուղու շինարարությունն արդեն ավարտվել է:
Բացի այդ, Պուտինը Դոնի Ռոստովում «հատուկ ռազմական գործողության» հրամանատարական կետում խորհրդակցություն է անցկացրել, լսել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և այլ հրամանատարների զեկույցները, փոխանցում է Կրեմլը:
Նախօրեին Ռուսաստանի նախագահն այցելել էր Ղրիմ: