Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է պետական դավաճանության նոր դեպք բացահայտելու մասին


Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է, որ Հայաստանի քաղաքացի, ՊՆ N զորամասի կապիտանի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտել։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում «օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ»։

Ըստ հաղորդագրության՝ կապիտանը «2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ»։ Որպես վարձատրություն՝ սպան օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ «այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության», - փոխանցում է ԱԱԾ-ը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:


XS
SM
MD
LG