Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են Հայաստանի Զինված ուժերում հաճախակի դարձել պետական դավաճանության դեպքերը


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) գրեթե ամեն ամիս պետական դավաճանության մեղադրանքով զինծառայող է կալանավորում։

«Մենք պետք է չմեղադրենք Ազգային անվտանգության ծառայությանը, որ ինքը շատ հայրենիքի դավաճաններ է բռնում», - «Ազատության» հետ զրույցում ասում է խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Նրա համոզմամբ, նախ պատճառն այն է, որ ԱԱԾ-ն լավ է աշխատում. - «Հատկապես հակահետախուզության ծառայության լավ աշխատանքի արդյունքն է»։

Երեկ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2021-ի ապրիլ-մայիս ամսիներին օտարերկրյա ծառայությունների կողմից հավաքագրված Հայաստանի զինված ուժերի սպան, որը զբաղեցրել է զորամասի ծառայության պետի պաշտոնը, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության և մարտական դիրքի տեղակայման վայրի մասին տեղեկություններ է հանձնել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին։ Ընդ որում, կապիտանը, ըստ ԱԱԾ-ի, լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկան։ Սպան, որի անունը չի հրապարակվում, կալանավորվել է։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի համոզմամբ, Ադրբեջանը վերջին շրջանում լուրջ ռեսուրսներ է ներդրել Հայաստանի Զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու համար. - «Ներկայումս մեր հակառակորդ պետությունները, մասնավորապես, Ադրբեջանը առանձնակի ուժգնությամբ և առանձնակի մեծ ռեսուրսների կիրառմամբ փորձում է տեղեկատվություն ստանալ և հիբրիդային պատերազմ մղել նաև Հայաստանի Հանրապետության մեջ։ Այս պայքարի ուժգնությունը հակառակորդ պետությունը մի քանի անգամ ուժեղացրել է»։

Ընդդիմությունը պետական դավաճանության հաճախակի դարձած դեպքերը մի քանի հարթության մեջ է դիտարկում։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակացության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախ հարցնում է՝ ինչո՞ւ են Զինված ուժերում պետական դավաճանության դեպքերը ակտիվացել հենց 2021-22 թվականներին. - «Իրականում մտածելու տեղիք է տալիս, որովհետև Հայաստանում կարմիր գծերը այնքան են վերացել, որ հայրենիքի դավաճանության գնալը այլևս կարմիր գիծ հատելը չի։ Նույն Ազգային ժողովի ամբիոնից, նույն կառավարության նիստերի դահլիճում այնպիսի պրոադրբեջանական, պրոթուրքական հայտարարություններ են հնչում, որ հոգեբանորեն այլևս դա դարձել է սովորական երևույթ։

Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծում է, որ Զինված ուժերում պարբերաբար պետական դավաճանների մասին խոսելով, իշխանությունը նաև քարոզչական հնարք է բանեցնում. - «Որ բանակում էսքան ծովածավալ դավաճաններ են, իշխանության մեղքը չի, որ բանակը այս վիճակում է։ Տեսեք ինչ է կատարվում, իշխանությունը չի մեղավոր... և վերջապես՝ այ, տեսեք իշխանությունը ինչ լավ է աշխատում»։

Ի դեպ, Մանուկյանը հենց այդ քարոզչության տրամաբանության շրջանակում է դիտարկում այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ իր պաշտոնական հաղորդագրության մեջ հատուկ շեշտել էլ, որ կապիտանը լուսնակարել և օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել նաև Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկան. - «Եթե ռազմատեխնիկա է լուսանկարել, տվել թշնամուն, բնականաբար, մեջը եղել է ռուսական, այլ երկրների արտադրած։ Ինչո՞ւ հատկապես հնդկական, որը տեղավորվում է այս իշխանության քարոզչական վերջին շրջանի արշավի մեջ։ Իշխանական տարբեր ֆեյքային, լրահոսային միջոցներում խոսում են՝ Հնդկաստան, Հնդկաստան, Հնդկաստան, զենքը, զենքը, զենքը... որի ձեռք բերման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա։ Բայց հաղորդագրության մեջ հնդկական զենք մատնանշելը... քաղաքացիներ, վա՜յ, տեսեք, մենք հնդկական զենք ենք առնում»։

Ինչո՞ւ էր ԱԱԾ -ն իր հաղորդագրության մեջ շեշտում Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մասին, և որքանո՞վ է անվտանգության տեսնակյունից ճիշտ այսօրինակ տեղեկտավության հրապարակումը։ Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է, թե տեղեկությունը վերաբերում է 2021 թվականին. - «Իրականում սա կառավարության քաղաքականության կարևոր մասն է հանդիսանում, որ տեղեկատվությունը հասարակությունից հնարավորինս գաղտնիքներ չեն պահվում և տրամադրվում են։ Զենքին են վերաբերում, բայց վերաբերում են 21 թվականի իրադարձություններին։ Հնարավոր է այս զենքը ձեռք է բերվել դրանից քանի տարի առաջ...»

Պետական դավաճանության մեղադրանքով երեկ կալանավորված կապիտանից բացի, ըստ իրավապահ մարմինների, անցած դեկտեմբերին կալանավորավել է ավագ սերժանտ, որը, ըստ մեղադրանքի, 93 հազար 250 դրամի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է փոխանցել օտարերկրյա ծառայությունների աշխատակցին։ Անցած նոյեմբերին կրկին նույն մեղադարանքով ձերբակալվեց եռամսյա հավաքներին մասնակցած շարքային զինծառայողը։ Հոկտեմբերին էլ կալանավորվել է պայմանագրային զինծառայող։ Ըստ ԱԱԾ-ի, նա էլ 370 դոլարի դիմաց էր գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցել օտարեկրյա հատուկ ծառայության աշխատակցին։

XS
SM
MD
LG