Ուկրաինան այս գիշեր և վաղ առավոտյան կրկին ենթարկվել է ռուսական նոր զանգվածային հրետակոծության։ Ուկրաինական կողմը հայտնում է առնվազն վեց սպանվածի մասին։ Տվյալները նախնական են։
Լվովի մարզի Զոլոչևսկի շրջանում ռուսական հրթիռը հարվածել է բնակելի թաղամասին, Խերսոնում՝ հասարակական տրանսպորտի կանգառին։ Կան զոհեր Կիևում և Դնեպրոպետրովսկի մարզում։
Ուկրաինայի տարբեր շրջանների գնդակոծությունը տևել է առնվազն վեց ժամ։ Օգտագործվել են թևավոր, բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև իրանական Shahed-136 հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է առնվազն երեք պայթյունի և երկու զոհի մասին Գոլոսեևսկի և Սվյատոշինսկի շրջաններում։ Կլիչկոյի խոսքով, Սվյատոշինսկի թաղամասում բնակելի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել։
«Մենք արդեն արթուն էինք, մոտ 6-ն անց 40-45 պայթյուն լսեցինք։ Բոլորս դուրս եկանք, վիրավորներ կային, օգնում էինք նրանց։ Մի քանի մեքենա էր բռնկվել պայթյունից, օգնում եինք մարել կրակը», - ասում է ականատեսներից մեկը։
Բնակելի շենքեր և էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել նաև Օդեսայի մարզում։ Պայթյուններ են լսվել նաև Նիկոլաևի, Ժիտոմիրի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկիի, Տերնոպոլի շրջաններում։
«Էներգոատոմ»-ը հայտնել է, որ առավոտյան ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի ատոմակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել էր։
Նախագահ Զելենսկին իր Թելեգրամ ալիքում ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին՝ հավելելով. - «Օկուպանտները կարող են ահաբեկել միայն խաղաղ բնակիչներին։ Դա ամենն է, ինչ նրանք կարող են անել: Բայց դա նրանց չի օգնի: Նրանք չեն խուսափի պատասխանատվությունից այն ամենի համար, ինչ արել են»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօրվա զանգվածային ռմբակոծությունը հայտարարեց «պատասխան գործողություն». - «Այս տարվա մարտի 2-ին Բրյանսկի շրջանում Կիևի ռեժիմի կողմից կազմակերպված ահաբեկչական գործողություններին ի պատասխան՝ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային պատասխան հարված են հասցրել։ Բարձր ճշգրտության հեռահար օդային, ծովային և ցամաքային զենքերը, ներառյալ «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգը, հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, ինչպես նաև դրանք մատակարարող էներգետիկ օբյեկտներին: Բոլոր նշանակված օբյեկտները խփվել են»։
Մարտի 2-ին Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ «ուկրաինական դիվերսիոն խումբը» ներթափանցել է Բրյանսկի շրջանի սահմանամերձ Լյուբեչանե և Սուշանի գյուղեր։ «Դիվերսանտների» գործողությունների հետևանքով, ռուսական իշխանությունների պնդմամբ, երկու մարդ զոհվել էր, ևս երեքը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել։ Ռուսաստանի նախագահ տեղի ունեցածն անվանել էր «ահաբեկչական հարձակում»:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Ռուսաստանի կամավորական կորպուսը, որը կռվում է Ուկրաինայի կողմից։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ ակցիան չեն մասնակցել։ Կորպուսի ղեկավարը սակայն Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ Բրյանսկի շրջանում գործողությունը համաձայնեցված էր Ուկրաինայի իշխանությունների հետ։
Ուկրաինայի վրա նախորդ զանգվածային հրթիռային հարձակման մասին հաղորդվել էր փետրվարի 16-ին:
Ռուսաստանը վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար զանգվածային հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում ամբողջ երկրում։
Շարունակվում են կատաղի մարտերը Բախմուտում
Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այսօր կրկին հայտարարել է, որ Բախմուտի համար պայքարը պետք է շարունակել․ - «Քաղաքի պաշտպանության յուրաքանչյուր օրը մեզ թույլ է տալիս ժամանակ շահել ռեզերվների պատրաստման և առաջիկա հարձակողական գործողություններին պատրաստվելու համար։ Միևնույն ժամանակ, այս ամրոցի համար մղվող մարտերում հակառակորդը կորցնում է իր զորքերի ամենամարտունակ մասը՝ Վագների գրոհային ջոկատները»։
Ռուսական զորքերը շարունակում են գրոհել քաղաքը։ Ուկրաինական կողմը պնդում է, թե քաղաքի մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրերի մոտ հարձակումները հետ են մղվել։
Պատերազմի ամերիկյան ինստիտուտը հաստատում է, որ «Վագների» զինյալները գրավել են Բախմուտի արևելյան հատվածը և փորձում են շրջապատել ուկրաինական վերահսկողության տակ մնացած քաղաքի արևմտյան հատվածը: Սակայն, ըստ ամերիկացի փորձագետների, նույնիսկ քաղաքը գրավելու դեպքում ռուսական ուժերը դժվար թե կարողանան արագ հարձակողական գործողություններ ծավալել։ Դրա համար նրանք չունեն անհրաժեշտ ուժեր։