Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների 35-հոգանոց խորհուրդը Վիեննայում Ռաֆայել Գրոսսին վերընտրել է գլխավոր տնօրենի պաշտոնում:
Գրոսսին կղեկավարի կառույցը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 2-ը: Նա ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի դեկտեմբերի 3-ին:
Վերընտրությունը տեղի է ունեցել ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի դռնփակ նիստում, որից հետո հաղորդվել է, որ Գրոսսիի վերընտրությունը հաստատվել է առանց քվեարկության, քանի որ ոչ մի երկիր առարկություն չի ներկայացրել:
Որոշումը պետք է հաստատվի այս տարվա աշնանը նախատեսված ԱԷՄԳ-ի ընդհանուր տարեկան ժողովում:
Ռաֆայել Գրոսսին արգենտինացի դիվանագետ է, նախկինում զբաղեցրել է Ավստրիայում, Սլովենիայում և Սլովակիայում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Արգենտինայի ներկայացուցչի պաշտոնները: