Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին բանակցություններ է վարել Իրանի կառավարության հետ, որոնց ընթացքում քննարկվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ համաձայնագրի վերականգնման հնարավորությունը։
ԱԷՄԳ-ի հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը համաձայնել է թույլ տալ միջազգային գործակալությանը ստուգել և վերահսկել միջուկային օբյեկտները:
Իրանը թույլ է տվել մուտք գործել երեք միջուկային օբյեկտներ։ Կողմերը համագործակցության հետագա պայմանները կքննարկեն Թեհրանում կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա մոտ ապագայում։ Կոնկրետ ամսաթիվը չի նշվում։
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Գրոսսին հաստատել է Իրանի պատրաստակամությունը միջուկային օբյեկտների մոնիտորինգի համար տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղադրելու հարցում: Նա վստահեցրել է, որ կողմերն այս հարցում հարաբերությունների «հստակ բարելավման» են հասել։