Մատչելիության հղումներ

Ինքնասպանության վարկածին չեն հավատում բոլորը, ովքեր ճանաչել են Արգիշտիին. Շաքիի համայնքապետ


Զինծառայող Արգիշտի Եղյանը
Զինծառայող Արգիշտի Եղյանը

Ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են երկու ծառայակիցները, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Մայիսի 11-ի առավոտյան էր զինծառայողի մարմինը հայտնաբերվել Վարդենիսի մարտական հենակետերից մեկում։ Քննչական մարմիններն ի սկզբանե այս դեպքն ինքնասպանություն որակեցին: «N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր Սիսիանի Շաքի գյուղում 20-ամյա զինծառայող Արգիշտի Եղյանի հոգեհանգիստն է։

«Բնիկ Շաքի գյուղից են, երեք երեխաներ էին՝ երկու քույր, Արգիշտը մինուճարն էր: Պետհամալսարանի լեզուների ֆակուլտետում էր սովորում, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն լեզուների էր տիրապետում մայրենի լեզվից բացի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը:

Համայնքապետի խոսքով՝ բացառիկ ընդունակություններով երիտասարդ էր, միջազգային մի ծրագրով Միացյալ Նահանգներ՝ սովորելու էր գնացել, քովիդի պատճառով վերադարձել ու զորակոչվել բանակ, 1 տարի ու 4 ամսվա ծառայող էր, հունվարին պիտի տուն գար:

«Էդ չարաբաստիկ դեպքից մեկ օր առաջ հայրը խոսել է հեռախոսով, սովորականից մի 5-10 րոպե ավել, տրամադրությունը եղել է շատ բարձր երեխայի, ոչինչ չի ասել ծնողներին, պարզապես ընթացիկ ծառայության մասին է ներկայացել, որ ամեն ինչ նորմալ է», - պատմեց Մանուչարյանը:

«Ինքնասպանության վարկածին չենք հավատում, չեն հավատում բոլոր նրանք, որ ճանաչել են Արգիշտիին», - շեշտում է համայնքապետը, - «Հոգեբանորեն շատ ուժեղ էր, հոգով ուժեղ, ամուր երիտասարդ էր»:

Զինծառայողի ազգականներից տեղեկացանք, որ տղայի մարմնի վրա բռնության հետքեր կան։

Ինչ պատճառ էլ լինի՝ հիմքում ոչ-կանոնադրային հարաբերություններն են, ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտպանության ոլորտի փորձագետ Արմինե Սադիկյանը:

«Եթե մի անձը, ով ինքնասպանություն է գործել, և բավականին ինտելեկտով հարուստ կամ զարգացած անձ է, բայց մյուսը, որի հետ նա առնչվում է, հակառակ պատկերն է, էս դեպքում կարևոր չէ, թե որ մեկն էր ավելի խելացի կամ ավելի ինտելեկտուալ, էստեղ կարևոր է կանոնադրային հարաբերությունները՝ անկախ անձի ունակություններից և անկախ անձի ինտելեկտուալ մակարդակից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սադիկյանը:

«Զինված ուժերում վերահսկողական մեխանիզմները թույլ են»

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Զինված ուժերում վերահսկողական մեխանիզմները թույլ են, վերադասը պատրաստված չէ: Տարին դեռ չի կիսվել, և բանակում արդեն ինքնասպանություն որակված երեք դեպք է գրանցվել: «Մենք չենք տեսնում, որ որոշակի քայլեր արվում են՝ ընդհանուր նվազեցնելու համար», - նշեց Արմինե Սադիկյանը:

Սադիկյանի գնահատմամբ՝ ինքնասպանության գործերը բավականին երկար են քննվում, նախնական որակումը՝ ինքնասպանություն, սովորաբար չի փոփոխվում, և ամենակարևորը՝ մեղավորների շղթան մինչև վերջ չի բացահայտվում. - «Որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվում այս իրավիճակի մասին, նույնիսկ եթե այդ ինքնասպանության համար մեղավոր չէ ավելի բարձրաստիճանը, այլ մեղավոր է միգուցե զինծառայակիցը, ընդամենը ենթադրում եմ, վերադասության կողմից պետք է վերահսկողություն լինի, ինչը նշանակում է, որ չկա»:

Այս տարի Հայաստանի ու Արցախի Զինված ուժերում 18 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, նրանցից միայն 7-ն է ադրբեջանական կրակոցից զոհվել։ Նախորդ տարի էլ բանակային մահերի գերակշիռ մասի պատճառը առողջական խնդիրներն են, վթարները, սպանությունները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG