Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր «Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ 12 տարի առաջ Ստեփանակերտի զորամասերից մեկում պաշտոնական վարկածով ինքնասպան եղած Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը խախտվել է, պատշաճ քննություն չի իրականացվել գործի բացահայտման համար։
Միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է որդեկորույս մորը՝ Նանա Մուրադյանին, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 20.000 եվրո հատկացնել։ Դիմող կողմն, ի դեպ 100 հազար եվրոյի պահանջ էր ներկայացրել։
Նանա Մուրադյանը հրաժարվեց այսօր մեզ հետ զրուցել։ Նա տարիներ շարունակ նախկին ու ներկա կառավարոթյուններից պահանջում է բացահայտել որդու մահվան հանգամանքները՝ պնդելով, որ տղան ինքնասպան չի եղել։ Բոլոր հարցազրույցներում կինը փոխանցում է իրեն զանգահարած 3 ամսվա զինծառայող որդու խոսքերը, որ սպայի գլխավորությամբ դիզվառելիք գողանալու տեսարանի է ականատես եղել, հետո գումար են առաջարկել, որ լռի։ Օրեր անց լուր է ստացել՝ որդու դին գտել են կախված վճակում։
«Իմ տղային սպանել են, որովհետև լսել են մեր հեռախոսի զրույցը։ Լսել են ու սպանել են էրեխուս։ Մտածել են չգիտես ում ա ասում երևի դրա մասին», - ասել էր նա։
Սակայն ՄԻԵԴ-ը ներկայացված նյութերում չի գտել դիմումատուի այս պնդումների ապացույցները, որ զինվորը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է։
ՄԻԵԴ-ում Նանա Մուրադյանի շահերը պաշտպանող փաստաբան Մուշեղ Շուշանյանը ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր զանգերին, ՄԻԵԴ-ում Հայստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից նույնպես մերժեցին հարցազրույցի մեր առաջարկը։
«Ազատության» զանգերին պատասխանե՛ց միայն փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը փորձում է հայաստանյան դատարաններում ապացուցել, որ Վալերի Մուրադյանը սպանվել է։ Անդրադառնալով ՄԻԵԴ-ի այսօրվա վճռին՝ Պապիկյանն ասաց. - «Տուժողի իրավահաջորդի՝ տիկին Աննա Մուրադյանի պնդումները, որ իր որդու նկատմամբ եղել է սպանություն, ոչ թե ինքնասպանություն, Եվրոպական դատարանը չի կարող դա գնահատել, հաստատել կամ չհաստատել, որովհետև դա ներպետական քննության առարկան է։ Եվրոպական դատարանը, գանգատը քննելով, ընդամենը արձանագրել է Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստը։ Դրանից բխող հետագա գործընթացները արդեն պիտի կատարվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից»։
Ստրասբուրգյան դատարանը եզրակացրել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց պարտավորությունը, քանի դեռ նա գտնվում էր իրենց վերահսկողության ներքո՝ զինծառայության մեջ։ Հետևաբար, խախտվել է զինվորի կյանքի իրավունքը։
Եվ քանի որ դատարանը համարել է, որ արդյունավետ քննություն չի տարվել, ավելորդ է համարել ուսումնասիրել՝ արդյո՞ք հետաքննության մյուս ասպեկտները համապատասխանել են Կոնվենցիայի պահանջներին։
Հայաստանյան դատարաններում Վալերի Մուրադյանի գործը ներկայացնող փաստաբան Արայիկ Պապիկյանն ասում է՝ 12 տարի անց էլ գործը դեռ բուն դատաքննության փուլ չի մտել։ Փաստաբանը նկատում է, որ վերջերս սայլը տեղից սկսել է շարժվել։ Անցած տարիների ընթացքում տարբեր պատճառներով կասեցված քրեական այս գործի նախաքննությունը վերսկսվել է։ Անգամ մի քանի հոգու նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասով դատական ակտ կա։ Ավելին փաստաբանը չմանրամասնեց՝ ելնելով նախաքննական գաղտնիքից. - «Դա բոլորովին վերջերս է եղել։ Երևի թե տասնամյա նախաքննության ընթացքում քիչ թե շատ շոշափելի արդյունքն է այս պահին։ Բայց դեռևս չի ավարտվել նախաքննությունը։ Մինչ օրս բուն դատաքննություն չի սկսվել, որովհետև հանցանք գործած անձանց մասին տվյալ պարզված չի եղել, և հիմա նոր կա ակնկալիքներ, որ այդպիսիք կարող են ի հայտ գալ, որովհետև կա որոշակի տեղաշարժ նախաքննության առումով։ Որովհետև տուժողի իրավահաջորդի կողմից մեծածավալ միջնորդություններ են ներկայացվել վերջին շրջանում, հսկայական աշխատանքներ կան կատարելու, որ տասը տարիների ընթացքում չի կատարվել»։
Նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ էր ձևավորվել, որն ուսումնասիրել է խաղաղ պայմաններում մահացած ութ զինծառայողների մահվան քրեական գործերը։
Փաստաբան Պապիկյանի խոսքով, թեև զորամասը, որտեղ դեպքը տեղի էր ունեցել, պատերազմի ընթացքում հայտնվել է գնդակոծության տակ, մի շարք իրեղեն ապացույցներ էլ ոչնչացվել են, այդուհանդերձ, իրենց ունեցած տասնյակ առաջարկներով դիմել են աշխատանքային խմբին. - «Աշխատանքային խմբի կարծիքով, նախաքննության ընթացքում չէր կատարվել, և այդ առաջարկների մեծ մասը շատ կարևոր էին և ուշադրության արժանի։ Դրանց հիման վրա մեծածավալ աշխատանքներ կատարվել են կամ ընթացքի մեջ են»։
Խաղաղ պայմաններում զինվորների մահերը մինչ օրս շարունակում են մնալ բանակի հիմնական խնդիրներից մեկը։ Վերջին երեք տարում ,օրինակ, ոչ հակակորդի կրակիոց 226 զինծառայող է մահացել։