Կիևում լայնածավալ ավիահարվածի ժամանակ մի քանի շրջաններում այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել, կան զոհեր:
Ականատեսների հաղորդումներից հետո, քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է նոր պայթյունի մասին Ուկրաինայի մայրաքաղաքի Սվյատոշինսկի թաղամասում։ Նա նաև ասել է, որ «մեքենաներ են այրվում բնակելի շենքերից մեկի բակում», և հիշեցրել, որ Կիևում օդային տագնապը շարունակվում է։ Հաջորդ գրառման մեջ Կլիչկոն հայտնել է երկու զոհի մասին:
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ նախնական տեղեկություններով՝ օգտագործվել են նաև բալիստիկ հրթիռներ։
Կիևի շրջանային ռազմական վարչակազմի տվյալներով՝ վտանգը դեռ պահպանվում է։ Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են չլքել անվտանգ վայրերը, հակաօդային պաշտպանությունն աշխատում է։
Ուկրաինայում մարտի լույս 9-ի գիշերը օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են լսվել մի շարք շրջաններում, Օդեսայի մարզում հայտնել են, որ հարվածներ են հասցվել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին։ «Էներգոատոմ»-ի վկայությամբ՝ հրթիռակոծության պատճառով Զապորոժիեի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է և անցել անջատման ռեժիմի։
Էլեկտրաէներգիայի վթարային անջատումների պատճառով Կիևի սպառողների 40 տոկոսը մնացել է առանց ջեռուցման։
Խարկովում՝ քաղաքի և շրջանի վրա մոտ 15 հարված է եղել: Զոհերի և վնասի չափի մասին տեղեկությունը ճշտվում է։
Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտնել է, որ «շրջանի էներգետիկ ենթակառուցվածքին հրթիռային հարվածներ են հասցվել, վնասվել են բնակելի շենքեր»։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Շրջանում մտցվել են էլեկտրամատակարարման սահմանափակումներ։